«Գուցե այս անգամ Սերժ Սարգսյանը ինքն իրեն փրկի…». Գուրգեն Եղիազարյան
«Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպն «ապահով» Հայաստանի մի փոքր հատվածն է, այն է, ինչ մեզ խոստացավ Սերժ Սարգսյանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գրող-հրապարակախոս, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը: «Նախագահական ընտրություններից առաջ ես ասել էի, որ գուցե այս անգամ տարբեր այլասերվածներից ու այլանդակներից զերծ մնանք, որովհետև մրցակցություն չկա, ու Սերժ Սարգսյանն ինքը կարող էր ապահովել իր ձայները: Բայց պարզվեց, որ ոչ: Նույնիսկ իր հովանավորած Րաֆֆիի (խոսքը նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին է,- Տ.Մ.) պարագայում՝ Ս. Սարգսյանին պետք էր, որ ընտրությունները կեղծվեն, ու դրանք կեղծեցին: Իսկ կեղծողները, որպես կանոն, զգում են իրենց երկրի տեր: Իսկ երկրի տերերն էլ, եթե ունենային համապատասխան կրթություն, իրենց այլասերվածների պես չէին պահի` մարդասպանությունների չէին գնա: Այնպես որ, Սերժ Սարգսյանի շրջապատը լիքն է մարդկանցով, որոնք ամեն պահի կարող են մարդ սպանել, ինչը և մեր «ապահով» Հայաստանում կատարվում է»,- մեզ հետ զրույցում ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Նա հիշեցրեց մի քանի դեպք Ս. Խաչատրյանի մասնակցությամբ ու նշեց, որ եթե իշխանությունը համապատասխան եզրահանգումների գար ու չթողներ, որ Սուրեն Խաչատրյանը շարունակի պաշտոնավարել, գուցե, ըստ նրա, զոհեր հիմա չլինեին: «Եթե այս իշխանությունները կնոջը ծեծելուց հետո չթողնեին, որ սա մարզպետ աշխատեր, իր որդին այսօր հանցագործի աթոռին չէր նստի: Եթե տարիներ առաջ, երբ եղբորը մեղադրում էին թմրամիջոցների առք ու վաճառքի խնդիր մեջ, որի հետևանքով անմեղ մարդիկ տուժեցին, հարևաններին ջարդեցին-գցեցին հիվանդանոց, նախագահը եզրակացություն աներ, այսօր կրակոցներ չէին հնչի: Բայց հետագայում, դրա փոխարեն՝ կրծքանշանով պարգևատրեցին… որովհետև սա այն գործոններից է, որը Սերժ Սարգսյանին բերեց իշխանության, – նշեց նա` ավելացնելով,- քանի այս մարդիկ օգնել են Սերժ Սարգսյանին դառնալ նախագահ, «ապահով» այս Հայաստանում այլասերվածությունը շարունակվելու է»: Իսկ սպանվեց մի մարդ, ով, Գուրգեն Եղիազարյանի դիտարկմամբ, արցախյան գոյամարտում ներդրում ուներ:
Մեր հարցին, թե այդ դեպքում Սուրեն Խաչատրյանը պատասխանատվության կենթարկվի՞, նրան կձերբակալե՞ն, Գ. Եղիազարյանն արձագանքեց. «Մենք բազմիցս խոսում ենք, թե ոնց է թալանվում մեր մոլիբդենը, ոնց են չինովնիկներ, տզրուկները լափում շահույթը: Քադաֆին իր նավթի 98 տոկոսը բյուջե էր մտցնում, բայց իրեն մեղադրեցին նրանում, որ լափում է: իսկ սրանք առանց չափ ու սահմանի մոլիբդեն են լափում, լափում են մեր մարդկային կյանքերը: Ամբողջ Սյունիքն այսօր տեռորի տակ է: Մարդիկ վախենում են Լիցկայի անունը տան, որովհետև երեխան կբռնաբարվի, հայրը` կգնդակահարվի: Սերժ Սարգսյանն ամեն ինչ կանի` իրեն նախագահ սարքողին փրկելու համար: Բայց այս անգամ միգուցե սեփական կաշին ավելի գնահատվի: Միգուցե սրան հանձնի, որ մնացած մարդասպաններն այլ մարդկանց կյանք չխլեն, իրան էլ մարդասպանի ընկեր չհամարեն: Գուցե այս անգամ Սերժ Սարգսյանն ինքն իրեն փրկի…»:
Գ. Եղիազարյանը խնդրեց ուշադրություն դարձնել վիճակագրության տվյալներին, թե որքան մարդ է լքել Սյունիքի մարզը վերջին տարիների ընթացքում: Ըստ նրա` արտագաղթի պատճառը հենց Սուրեն Խաչատրյանն է եղել. «Մարդիկ լքել են իրենց բնօրրանը՝ սույն գործիչի տեռորից իրենց ու իրենց երեխաներին փրկելու համար: Գուցե այս սպանությունից հետո, երբ նրան պատասխանատվության ենթարկեն, մի դրական բան կլինի` մարդիկ Սյունիքը Լիցկայի պատճառով, նրա տեռորից խուսափելու համար չեն լքի»: