Եթե ՌԴ-ն իր վերահսկողությունը հաստատի Ադրբեջանի վրա, ապա ԱՄՆ-ից կպահանջվի 100 տարի՝ նրան այնտեղից դուրս մղելու համար. ամերիկացի դիվանագետ

Кавказ Online լրատվական պորտալի փոխանցմամբ՝ ադրբեջանական ընդդիմադիր Yeni Musavat թերթը հայտնել է, որ Ռուսաստանը հեղաշրջում է պատրաստում Ադրբեջանում:
Yeni Musavat-ին մոտ կանգնած աղբյուրների հետ Վաշինգտոնում ունեցած դռնփակ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակիցը հայտնել է, որ Մոսկվան զայրացած է Բաքվի համար.

«ԱՄՆ-ը փաստեր ունի Ադրբեջանում իշխանափոխություն անելու Ռուսաստանի նախապատաստության մասին: Պետական հեղաշրջման նախապատրաստման համար հանդիպումներ են անցկացվում Թուրքիայում ու Վրաստանում: Եթե Ռուսաստանն իր ձեռքը վերցնի Ադրբեջանը, ապա ԱՄՆ-ին այնտեղից դուրս մղելու համար կպահանջվի ևս 100 տարի»:

Ամերիկացի դիվանագետը խոստովանել է, որ ԱՄՆ-ը երկար ժամանակ աչք է փակել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման նկատմամբ, որպեսզի այդ երկիրը չզիջի Ռուսաստանին, քանի որ հակառակ դեպքում պաշտոնական Բաքուն կվարի ռուսամետ քաղաքականություն:

Նա հավելել է, որ Ադրբեջանի վրա զայրացած Ռուսաստանը Թուրքիայի ու Վրաստանի որոշակի ուժերի հետ քննարկում է Ադրբեջանում իշխող վարչակարգի տապալման հարցը: Ռուսաստանը հանդիսանում է «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցման ձգձգման պատճառներից մեկը:

Մոսկվան մեծ նշանակություն է տալիս հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին և մտադիր է բոլոր ուժերով այդ երկրում իշխանությունը վերցնել իր ձեռքը:

Ադրբեջանում կան բազմաթիվ դժգոհներ, և Ռուսաստանը ձգտելու է օգտագործել այդ գործոնը: Նրա համար Ադրբեջանը Հարավային Կովկասում ավելի կարևոր է, քան՝ Վրաստանն ու Հայաստանը:

Ամերիկացի դիվանագետի խոսքերով՝ Ռուսաստանին զայրացնում են Nabucco գազատարի նախագծի իրագործումը, որով Կասպյան տարածաշրջանի գազը, Ռուսաստանի տարածքը շրջանցելով, կհայտնվի Եվրոպայում, ԲԹԿ-ի կառուցումը, Աֆղանստանից դուրս բերվող ամերիկյան զորքերի՝ Ադրբեջանում հնարավոր տեղակայումը:

Դիվանագետը կարծում է, որ եթե այդ ամենն իրականացվի, ապա Ադրբեջանը դուրս կգա Ռուսաստանի վերահսկողությունից. «ԱՄՆ-ը աչք է փակում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման նկատմամբ, որպեսզի պաշտպանի երկրի անկախությունը:

Եթե Ռուսաստանը վերականգնի իր վերահսկողությունն Ադրբեջանի վրա, ապա ԱՄՆ-ից կպահանջվի 100 տարի՝ նրան այնտեղից դուրս մղելու համար: Մենք գիտենք, որ Իլհամ Ալիևը ժողովրդավար չէ, սակայն նրա փոխարեն կգա Ռուսաստանի մարդը, ինչը կլինի ավելի վատ: Այդ պատճառով էլ մենք ստիպված ենք պաշտպանել Ալիևին»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ գերմանական Focus պարբերականը նույնպես գրել էր, որ Կրեմլը հեղաշրջում է պատրաստում Ադրբեջանում:

Տեսանյութեր

Լրահոս