ԱՄԲՈԽԱՅԻՆ ԿՐՔԵՐԸ ՔՊ-Ն ՄԻՇՏ ԷԼ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Է՝ ՈՐՊԵՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻ ԳՈՐԾԻՔ
Ժողովրդավարությունը հաճախ ընկալվում է՝ որպես բարոյական առաջընթացի, հանդուրժողականության և ազատության երաշխիք։ Սակայն կան նաև դրա ճիշտ հակառակն ապացուցող պատմական փաստեր․ անգամ այն հասարակություններում, որոնք լիովին համապատասխանում էին իրենց ժամանակի ժողովրդավարության չափանիշներին, բազմիցս հաղթանակել են ամբոխի նսեմ զգացմունքները, սնահավատությունն ու կործանարար կրքերը։
Ժողովրդի մեծամասնության կամքն ինքնաբերաբար չի կարող լինել արդար, բոլոր ժողովուրդների պատմություններում վկայված են շրջադարձային ու ողբերգական դեպքեր, երբ հազարավոր մարդկային կյանքեր են խեղվել հենց մեծամասնության «օրհնությամբ»։ Մոլեռանդ մեծամասնության համաձայնությամբ հալածվել են կրոնական, ազգային փոքրամասնություններ ու քաղաքական այլախոհներ։
Հռոմեական կայսրությունում քրիստոնյաների կոտորածները հաճո էին հասարակական կարծիքին, դրանք ընկալվում էին՝ որպես ողջախոհ վարչական քայլեր։ Ներոնի վարքագիծը, ինչպես վկայում է Սվետոնիոսը, արտահայտում էր ոչ այնքան նրա դաժանությունը, որքան ամբոխի բնազդներն ու կրքերը բավարարելու նրա ձգտումը։
Կալվինի օրոք Ժնևի, գաղութային շրջանում Մասաչուսեթսի բնակչության մեծամասնությունը լիովին ընդունելի էր համարում հերետիկոսների ու այլախոհների նկատմամբ դաժան վերաբերմունքը, և հալածանքը հաճախ ոչ թե իշխանության ծրագիրն է եղել, այլ ամբոխի պահանջ։ Նույնիսկ ավտոկրատական համակարգերում եղել են դեպքեր, երբ իշխողները ենթարկվել են զանգվածների տրամադրություններին և հարկադրված հագուրդ տվել նրանց մութ բնազդներին։
Մի քանի դար Եվրոպան ցնցած վհուկների որսը ոչ թե վերնախավերի ծրագիրն էր, այլ ժողովրդական սնահավատության արգասիք։ Եկեղեցին և անգամ պետական իշխանությունները հաճախ ստիպված էին զսպել մոլեգնած ամբոխին՝ գիտակցելով դրա կործանարար հետևանքները հասարակության ու պետության համար։
Զանգվածային գիտակցության ու հոգեբանության ամենակուլ խառնարանում է ձևավորվել հակասեմականությունը։ Պատմության հեգնանքով դարեր շարունակ հրեաների ֆիզիկական գոյությունը Եվրոպայում ապահովվել է ոչ թե ժողովրդի համակրանքի, այլ եկեղեցու և աշխարհիկ իշխանության պաշտպանության շնորհիվ. թագավորներն ու եպիսկոպոսները հաճախ են հանդես եկել ամբոխի կրքերի հակակշռի դերում ու չեն դարձել դրանց ձեռքում գործիք։
Բռնությունը լեգիտիմացվել է ոչ միայն ժողովրդի անունից, այլև ժողովրդի կամքով, քանի որ համընկել է նրա խորքային վախերի և ատելության հետ։ Հետևաբար՝ ժողովրդավարությունը պահանջում է բարոյական ինքնազսպում, կրթություն, օրենքի գերակայություն և այնպիսի իշխանություն, որը մանիպուլյացիայի չի ենթարկում ամբոխի կործանարար կրքերը՝ հանուն ինքնապահպանման։ Ազատ և առողջ հասարակության հիմքը, այո՛, ժողովրդի կամքն է, բայց նաև այդ կամքը սահմանափակող արժեքներն ու ինստիտուտները՝ իրավունքը, բանականությունը և մարդու արժանապատվության անխախտելիությունը։
Արա Սահակյան
