«Թող կանգ առնի, ոչինչ չի կարողանալու անել. Վեհափառը ցկյանս մնալու է մեր հայրապետը, ի՞նչ է, ստիպելու են, որ հրաժարական տա՞, չեն կարող, պիտի առնվազն նահատակեն, է թող նահատակեն». Տեր Ռուբեն

Երեկ Նիկոլ Փաշինյանն իր շքախմբով՝ հարյուրավոր ոստիկաններով, ԱԱԾ-ականներով, անվտանգության աշխատակիցներով, գնացել էր Գյումրի՝ Սուրբ Յոթ վերք եկեղեցում «պատարագի» մասնակցելու համար։

Շիրակի թեմի բոլոր քահանաները հրաժարվել էին պատարագ մատուցել Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ այդ դեպքում պետք է զեղչեին Վեհափառ հայրապետի անունը՝ այդպես էր պահանջել Նիկոլ Փաշինյանը։ Այդ պատճառով էլ Նիկոլ Փաշինյանի համար Գյումրիում «պատարագ» էր մատուցել Արմավիրի մարզից բերված քահանա՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ։

Գյումրիում տեղի ունեցած այդ միջոցառումից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր եկեղեցիներում պատարագից առաջ՝ 10։55, հնչի ՀՀ օրհներգը։

«301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։

Կարդացեք նաև

Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10.55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը։

Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբենը խոսելով Նիկոլ Փաշինյանի այս գրառման մասին, նախ անդրադարձավ երեկ Գյումրիում Փաշինյանի մասնակցությամբ միջոցառմանը, ասելով՝ իրենք իրենց քահանայով եկել են, անկանոն, բռնագրավելով ու Եկեղեցու կարգը խախտելով՝ «պատարագ» են արել ու գնացել են։

«Մեր եկեղեցին կոչվում է Հայաստանյաց Առաքելական եկեղեցի, Հայաստանը կար՝ Առաքյալը եկավ։ Դեռ առաջին դարում, հրաշափառ Քրիստոսի համբարձումից հետո, ըստ մեր քերթողահայր Մովսես Խորենացու «Հայոց Պատմության»՝ Եդեսիայի Աբգար թագավորը, լսելով Քրիստոսի մասին, որ առանց դեղերի բժշկություն է անում, ասել է՝ «Կա՛մ դու Աստված ես, կա՛մ Աստծու որդի ես, որ երկրից իջար»։

Այսինքն՝ ինքը դավանեց ուղղափառ Աստծուն։ Հենց Աբգար թագավորի հավատքի հիման վրա մենք մտանք մեր տիրոջ՝ Հիսուս Քրիտոսի օրհնության մեջ։ Դրա համար առաջին Առաքյալը, որ Երուսաղեմից դուրս եկավ, Թադևոս Առաքյալն էր։

Պատմությունն այս ամենը շատ լավ ներկայացնում է, ուղղակի պետք է կարդալ, յուրաքանչյուր հայ քրիստոնյա պարտավոր է իմանալ Հայոց պատմությունը, կարդա Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը», նաև Եղիշե, որպեսզի ամրանան ու զորանան մեր ճշմարիտ հավատքի մեջ։ Մենք առաջին քրիստոնյան ենք, բոլորն էլ կուզեին անդրանիկը լինել, բայց չեղան, Աստված մեզ է ընտրել, մենք ընտրյալ ազգ ենք։ Պարտավոր ենք մեր պատմությունը, առավել ևս՝ Եկեղեցու պատմությունը շատ լավ իմանալ»,- 168.am հետ զրույցում նշեց տեր Ռուբենը։

Հարցին՝ աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած երկրում ինչո՞ւ են այսպես վարվում Առաքելական եկեղեցու ու հավատքի հետ, քահանան պատասխանեց՝ տգիտությունից է, որովհետև մարդիկ չեն կարդում ու չեն հետևում, որպեսզի զարգանան, ճանաչեն իրենց եկեղեցին, զարգանան։

«Սա է պատճառը, որ մարդիկ հայտնվում են զանազան արատների մեջ, հայտնվում են բողոքականության մեջ։ Իսկ բողոքականներն իրենց կեղծ քարոզչությամբ մոլորեցնում են մեր զավակներին ու գցում այլ ուղղությունների մեջ։

Ինչ վերաբերում է 301 թվականին, ապա դա Գրիգոր Լուսավորիչի ժամանակ է, երբ նա դարձի բերեց Տրդատ 3-ին, ով հեթանոս էր, կռապաշտ, դրա համար Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը» թող կարդան։ Համայնավարության ժամանակ, մենք այդ բոլոր գրքերը կարդում էինք, գիտեինք, իսկ հիմա մեր ժողովուրդը տեղյակ չէ, եթե նույնիսկ չեն կարդում, թող եկեղեցի գան, մենք կասենք, կսովորեցնենք, որպեսզի ամուր մնան իրենց սուրբ հավատքի մեջ»,- նշեց հոգևորականը։

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի՝ Գյումրիում արած հայտարարությանը, թե՝ «ժամանակն է, որպեսզի հաջորդ պատարագին մասնակցեն Մայր Աթոռում», Տեր Ռուբենն ասաց՝ կարող են գնալ ու մասնակցել ցանկացած պատարագի, բայց ոչ այդ տեսքով ու ձևով։

«Այն, ինչ իրենք անում են, կանոնից դուրս է, չի կարելի նման բան անել։ Մայր Աթոռ ինչպե՞ս են գնալու, կրկին նույն՝ բռնագրավման ձևո՞վ։

Տարիներ շարունակ յուրաքանչյուր կիրակի Մայր Աթոռում պատարագ է մատուցվում, է թող գնան մասնակցեն՝ սովորական քաղաքացիների նման։ Հիմա իրենք ինչպե՞ս են ուզում գնալ այդ պատարագին, այնպես, ինչպես Գյումրիում եկան՝ չի կարելի։ Ծիծաղելի է ուղղակի, իբր թե այս կերպ ազատագրում են եկեղեցին։ Եկեղեցին Աստվածահիմն է, Աստվածն է հիմնել։ Պետրոս Առաքյալին ինչ ասաց՝ «Կդնեմ իմ եկեղեցին և դժոխքի դռները չեն կարող հաղթահարել»։ Եկեղեցին կա ու կլինի, որովհետև Աստվածահիմն ու Աստվածահաստատ է։

Ի դեպ, սա էլ ասեմ՝ մեր Վեհափառը կրում է նախորդ 131 հայրապետներից՝ Թադևոս Առաքյալից սկսած, փոխանցված իշխանությունը, դրա համար չի կարելի նրա նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերել՝ ուղղակի դա մեղք է։ Եթե Աստծուց չեն վախենում, ուրեմն՝ կպատժվեն, եթե Աստծուն հետո ճանաչեն, կարող է շատ ավելի վատ լինի իրենց համար։ Եկեղեցու հետ կատակ անել չի կարելի, ով իր եկեղեցուն դեմ գնա, կգնա Աստծու դեմ։ Ասվում է, որ Նիկոլ Փաշինյանն ընկած է «Կյանքի խոսք» աղանդի մեջ, հիմա ի՞նչ, ուզում է մեր ազգի մեջ նոր բողոքական ճյուղ բացե՞լ, թե՞ ուզում է Տրդատ 3-ի նման լինել»,- նկատեց նա։

Հոգևորականը հիշեցրեց, թե Նիկոլ Փաշինյանը սկսել իր հակաեղեկեցական քայլերը, քանի որ Գարեգին 2-րրը և Արամ Առաջինը պահանջել են իր հրաժարականը։

«Հայրապետն ամենայն հայոցն է, նա իրավունք ունի ասելու, հիմա Նիկոլ Փաշինյանը սա պետք է ըմբռնի ու հասկանա, որովհետև եթե հիմա ընտրություն լինի, ազգն իրեն չի ընտրելու, նա Գյումրիում պարտվեց ու պարտվելու է։ Եթե ուզում է կառավարման ղեկին մնալ, պետք է դառնա Առաքելական եկեղեցու հետևորդ, պահի հնազանդություն։

Թող գա Հայրապետի հետ նստի, խոսի, ու լարվածությանը հանգուցալուծում տան՝ վերապրելով մեր դարավոր ավանդությունը։ Մեկ է՝ Առաքելական եկեղեցում որևէ փոփոխություն չի կարող լինել, որովհետև այն դարեր ի վեր ձևավորված կառույց է, բոլորը շեղվեցին, բայց մեր եկեղեցին մնացել է իր ակունքներին, աշխարհը շեղվել է, մենք՝ ոչ։

Հիմա, եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես այդ աղանդի մեջ է, դա նման է հռոմեական դարաշրջանին, երբ Գյուտերը բաժանվեց եկեղեցուց ու դարձավ առանձին ճյուղ, եթե բողոքականությունը խորքի մեջ նայեք, մեզ համար, այո՛, աղանդ է։ Ես Նիկոլ Փաշինյանին հորդորում եմ՝ Առաքելական եկեղեցու նկատմամբ իր վերաբերմունքում շատ զգույշ լինի։

Մենք Գյումրիում ամեն ինչ կասեցրեցինք, առաջինն ինձ մոտ եկան, բայց ես չհամաձայնեցի, խեղճ քահանաներին կրակն են գցում, սա սատանաների գործն է, տկարացնում են հայոց աշխարհը։ Ուրեմն՝ քահանաներին տարբեր միջոցներով ստիպում են, որ Վեհափառի անունը զեղչեն, հետո զեղչելուց հետո քահանաները, քանի որ կարգը խախտել են, կարգալույծ են արվում… չհասկացա, դրել քահանաների ջա՞րդ են անում, քահանաների ձեռքով են, չէ՞, մարդիկ մկրտվում ու դառնում քրիստոնյաներ, քահանան է պսակում, եպիսկոպոսներն էլ ձեռնադրում են քահանաներին»,- նշեց Տեր Ռուբենը։

Նա նաև ասաց՝ եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է եկեղեցու մոտ դրոշներ դնի, լավ կանի, եթե մեր դրոշի վրա խաչը դնի։ Քահանան հիշեցրեց՝ Խորհրդային Միության ժամանակ թուրքերը պահանջում էին, որպեսզի հայերը գերբի վրայից հանեն Արարատ լեռան պատկերը, ինչը Նոյ նահապետի փրկության խորհրդանիշն է, Իսրայելն ու Հայաստանը համարվում են սուրբ երկրներ։

«Ժամանակին մեր մեծարգոյին շատ համակրում էի, բայց հիմա հիասթափության մեջ եմ, որ նման քայլեր է անում։ Ասում է՝ եկեղեցի գնում է՝ որպես շարքային հավատացյալ, բայց շարքային հավատացյալը եկեղեցում ինչ-որ պայմաններ չի դնում։ Վեհափառը ցկյանս մնալու է մեր հայրապետը, ի՞նչ է, ստիպելու են, որ հրաժարական տա՞, չե՛ն կարող, պիտի առնվազն նահատակեն, է թող նահատակեն, մենք նահատակվելուց չենք վախեում, ավելի շատ վախենում ենք, որ մեր ժողովրդին շեղեն մեր հավատքից։

Դրա համար թող նա մի պահ կանգնի, հասկանա, թե ինչ է ասում, բռնանալով՝ գալիս, եկեղեցի է մտնում, ոստիկաններով շրջափակված, քահանաներին իրենց տեղերից հանելով։ Դրսից բերված քահանան իրավունք չուներ պատարագ մատուցելու, որովհետև սրբազան հայրը թույլտվություն չի տվել։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես օրենք հարգող մարդ եմ, ո՞ւր է բա, դե թող հակառակ չկանգնի եկեղեցու օրենքներին, թե չէ եկեղեցին արդեն կարող է նզովել ու բանադրանք կատարել, ինչը շատ ավելի վատ բան է, քան ինքը հրաժարական կտա իր պաշտոնից։

Պաշտոնն այսօր կա, վաղը չկա, բայց եկեղեցին 21 դար արդեն կանգուն է, ի վերջո, դատաստան կա, չէ՞, դա բոլորիս է վերաբերում։ Լավ, Նիկոլ Փաշինյանն Աստծո դատաստանից չի՞ վախենում։ Հասկացանք՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն բարձր աշխատավարձ են ստանում, դա իրենց հացն է, տվողն էլ Նիկոլ Փաշինյանն է, բա չե՞ն մտածում, որ եկեղեցու դեմ են գնում, մեծ պատասխանատվությունն ընկնում է  Փաշինյանի վրա, որովհետև հրահանգ տվողն ինքն է։

Թող կանգ առնի, ոչինչ չի կարողանալու անել, չընկնի Նեռի ազդեցության տակ, վաղ թե ուշ կործանվելու է, հորդորս է իրեն։ Եկեղեցուն է կպնում, մեր ժողովուրդը շատ զգայուն է, հետևանքը վատ կլինի։ Ինքս պետականամետ եմ, ինձ ասում էին՝ տեր Ռուբենը «նիկոլական» է, ես «նիկոլական» չեմ եղել՝ պետականամետ եմ»,- ընդգծեց Տեր Ռուբենը։

Տեսանյութեր

Լրահոս