Հայաստանին առաջնորդում են թյուրքական աշխարհ. Կարս-Գյումրի երկաթուղային հատվածի վերականգնումը թևակոխել է գործնական փուլ. Թիմուր Գարաև

Արևմտյան Atlantic Council և Eurasia Center առաջատար վերլուծական կենտրոնները խորհուրդ են տալիս Տաջիկստանն ու Հայաստանը ներառել թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) մեջ. Համապատասխան նախաձեռնությունն առաջադրել է ՆԱՏՕ-ում Թուրքիայի նախկին ներկայացուցիչ Մեհմեթ Չեյլանը։

Ըստ նրա՝ Թուրքիան չի առարկի, եթե Տաջիկստանը հայտ ներկայացնի՝ որպես դիտորդ անդամագրվելու կազմակերպությանը. «Մենք հնարավորություն չունենք լուսանցքից դուրս թողնել Տաջիկստանը, երբ խոսում ենք Կենտրոնական Ասիայի մասին: Նրանք պետք է լինեն տարածաշրջանային կառույցի մաս։ Կարծում եմ՝ եթե Տաջիկստանը հայտ ներկայացնի թյուրքական պետությունների կազմակերպությանը որպես դիտորդ անդամակցելու համար, իսկ ինչո՞ւ ոչ, Թուրքիան չի առարկի»։

Տաջիկստանը Կենտրոնական Ասիայում միակ ոչ թյուրքալեզու երկիրն է, ընդ որում, Դուշանբեում երբեք չեն հայտարարել ԹՊԿ-ի անդամ դառնալու ցանկության մասին, որտեղ Էմոմալի Ռահմոնին եռանդուն սիրաշահում են։

Կարդացեք նաև

Չեյլանի առաջարկին աջակցել է Atlantic Council-ի աշխատակից Բրիանա Թոդը. «ԱՄՆ-ի տեսանկյունից, այս պահին նրանք ԹՊԿ-ում բացակայող տարրերն են»: Նրա կարծիքով՝ «համախմբվածության տեսանկյունից» ԱՄՆ-ին պետք է ողջ Հարավային Կովկասը և ամբողջ Կենտրոնական Ասիան, որպեսզի նրանք միասնական աշխատեն։ Այս պայմանով ամերիկացիները պատրաստ են ուղղակիորեն համագործակցել ԹՊԿ-ի հետ:

ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերը համընկնում են Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում։ Այս ինտեգրումը համապատասխանում է նաև երկու երկրների նպատակներին՝ զսպելու Ռուսաստանին և Չինաստանին, թուլացնելու Իրանը:

Տաջիկստանի և Հայաստանի ընդգրկումը ԹՊԿ-ում կարող է հնարավորություն տալ ԱՄՆ-ին և Թուրքիային վերահսկել և ընդլայնել տրանսպորտային և էներգետիկ երթուղիները Հարավային Կովկասով և Կենտրոնական Ասիայով, օրինակ՝ «Թրամփի կամրջի» և Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի միջով։ ԱՄՆ-ի և Թուրքիայի նման ռազմավարության մեջ առանցքային դեր կխաղա Ադրբեջանը՝ որպես Եվրոպայի և Ասիայի միջև ազդեցիկ միջնորդ «համագործակցության նոր տարածաշրջանային ճարտարապետության մեջ»:

Ավելի վաղ Atlantic Council-ի փորձագետները քննարկում էին անցկացրել Ադրբեջանի մասնակցությամբ C5+1-ից C6+1 ձևաչափի ընդլայնման և ադրբեջանամետ լոբբիի ձևավորմամբ ԱՄՆ-ի ռազմավարական հետաքրքրության մասին, ինչը վկայում է թյուրքական ինտեգրացիայի առաջխաղացման մասին ոչ միայն ՀԿ-ների և ԶԼՄ-ների, այլև վերլուծական կենտրոնների միջոցով:

Հնարավոր է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ լինի համաձայնել այնպիսի արտառոց քայլի, ինչպիսին է Հայաստանը թյուրքական պետությունների կազմակերպությունում ընդգրկելը՝ անտեսելով դրա կործանարար հետևանքներն արևմտյան հատուկ ծառայությունների հետ իր փոխկապակցվածության պատճառով, որոնք վերահսկում և ուղղորդում են նրա գրեթե յուրաքանչյուր քաղաքական քայլը:

Ըստ էության, արևմտյան վերլուծաբանների կողմից Հայաստանին և Տաջիկստանին ԹՊԿ-ի կազմում ընդգրկելու առաջարկները մի կողմից՝ բացահայտ սադրանք են, մյուս կողմից՝ «հետախուզական պայքար»։

Մինչդեռ սահմանագծման հայ-ադրբեջանական հանձնաժողովը փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ նոյեմբերի 28-ին նիստ է անցկացրել Գաբալա քաղաքում: Համապատասխանաբար, հերթական հանդիպումը: Արդեն 13-րդը կանցկացվի հայկական քաղաքում։ ՀՀ ԱԳՆ հայտարարության համաձայն՝ կողմերը «հանգամանալից մտքեր են փոխանակել սահմանազատման հետ կապված կազմակերպչական և տեխնիկական հարցերի շուրջ։ Քննարկվել են նաև սահմանազատման աշխատանքների իրականացման ընթացակարգերի համապատասխան ուղեցույցների նախագծերը»:

Ավելի վաղ Բաքուն և Երևանը պայմանավորվել էին սկսել «պետական սահմանի հյուսիսային հատվածից սահմանազատման աշխատանքների համալիրի» իրականացումը Վրաստանի հետ սահմանին գտնվող Կարմիր կամրջից և աստիճանաբար շարժվելով հարավ՝ դեպի Արաքս, իսկ վերջերս փոխանակվել են փորձագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակությունների այցերով: Գրիգորյանը և Մուստաֆաևը «կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»:

Հայաստանի և Թուրքիայի միջև Կարս-Գյումրի շուրջ 200 կմ երկարությամբ երկաթուղային հաղորդակցության վերականգնման գործընթացը ևս չի դոփում տեղում. սեպտեմբերի կեսերին կայացած հանդիպմանը հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը պայմանավորվել են սկսել տեխնիկական հետազոտություններ։ Հիշեցնենք՝ այդ հատվածն անգործության է մատնված Քելբաջարում հայկական ուժերի հաջողություններից հետո սահմանը փակելու Թուրքիայի այն ժամանակվա կառավարության որոշումից հետո, սակայն 2010-ականների կեսերից կողմերը խորհրդակցություններ են անցկացնում դրա աշխատանքի վերականգնման և մասնակի արդիականացման վերաբերյալ:

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարանցիկ ճանապարհի բացմամբ, այդ թվում՝ մոտ 50 կմ երկարությամբ Իջևան-Ղազախ ամենակարճ հատվածով, Գյումրի-Կարս գիծը տեսականորեն կարող է դառնալ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Բալկաններ / Արևելյան Միջերկրական ծով դարձյալ ամենակարճ երկաթուղային միջանցքի մի մասը: Իջևան-Ղազախ հատվածի վերակենդանացման մասին հաճախ են խոսում հայ փորձագետները, մինչդեռ Բաքվում այդ տարբերակին թերահավատորեն են վերաբերվում՝ շեշտը դնելով Մեղրիով անցնող «Զանգեզուրի միջանցքի» վրա, որը որոշ ժամանակ է, ինչ ճանաչում է ձեռք բերել՝ որպես «Թրամփի ուղի»:

Այնուամենայնիվ, Կարսի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարի տեղեկատվության համաձայն՝ արդեն այդ զարկերակի շուրջ խորհրդակցությունների սկսվելուց ի վեր «սահմանամերձ քաղաքի առևտրաարդյունաբերական պալատ սկսել են զանգահարել նորանոր ներդրողներ՝ ցանկություն հայտնելով ներդրումներ կատարել մայրուղու վերականգնման նախագծում»:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ 2022 թվականին Շիրակ-Կարս երկաթուղու հայկական հատվածի (22 կմ) վերանորոգման արժեքը գնահատվել է մոտավորապես 17 միլիոն դոլար, իսկ 2025 թվականին՝ 32 միլիոն դոլար։ Մի ժամանակ լիովին գործող մայրուղին, որով նույնիսկ երբեմն գնացքներ էին երթևեկում, անմխիթար վիճակում է. ռելսերը և այլ սարքավորումները ժանգոտել են, իսկ երկաթուղին և հարակից տարածքը խոտածածկ են։

Չի բացառվում, որ Կարս-Գյումրի հատվածի արդիականացումը հարևանները համատեղ իրականացնեն։

ՀՀ ԱԳ նախարարը Ստամբուլում կայացած «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի նիստում (2024 թվականի հոկտեմբեր) հայտարարել է

«Գյումրի-Կարս երկաթգծի գործարկումը Հայաստանի և Ադրբեջանի երկաթուղային կապի հետ միասին կապահովի արդյունավետ հաղորդակցություն Պարսից ծոցի և Սև, Կասպից և Միջերկրական ծովերի միջև»։ Համապատասխանաբար, «Թուրքիայի հետ դինամիկ երկխոսություն է ընթանում, որի նպատակը դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, սահմանների բացումը և հաղորդակցությունների գործարկումը»:

Եվ այսպես, նոյեմբերի վերջին պատվիրակությունները բանակցություններ վարեցին անմիջապես տեղում. «Երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են 2025թ. նոյեմբերի 28-ին Թուրքիայի և Հայաստանի միջև Աքյակա-Ախուրիկ սահմանային անցակետում և Հայաստանի Գյումրի քաղաքում և անցկացրել Կարս-Գյումրի երկաթուղու վերականգնման և շահագործման հանձնման տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը»,- նշվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ենթադրվում է՝ թյուրքական աշխարհին Հայաստանի ինտեգրման գործընթացը կշարունակվի աճող տեմպերով, ընդ որում, Եվրամիության լիակատար աջակցությամբ, որը խոստացել է մոտ 0,5 մլրդ եվրո ներդնել Հայաստանի էներգետիկ անվտանգության դիվերսիֆիկացման և «ամրապնդման» մեջ, այդ մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը:

Նրա խոսքերով՝ «մի քանի օր առաջ Տաշքենդում ստորագրվել է մի փաստաթուղթ, որի համաձայն՝ Հայաստանն աջակցություն է ստանում «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» նախագծի շրջանակներում էներգետիկ ենթակառուցվածքների բարելավման, էներգետիկ անվտանգության ամրապնդման և դիվերսիֆիկացման, ինչպես նաև արտաքին խաղացողներից կախվածության նվազեցման համար: Այդ ուղղությամբ Եվրամիությունը համագործակցում է գերմանական KfW զարգացման բանկի հետ։

Սա 500 մլն եվրոյի ներդրում է արել (հայկական) էներգահամակարգը վրացականին միացնելու համար, և մենք արդեն աշխատում ենք Հայաստան-Թուրքիա էներգահամակարգի վրա։ Ինչո՞ւ։ Որպեսզի դուք ավելի քիչ կախված լինեք ռուսական էներգիայից»։

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում քննարկվում է Երևանի, Բաքվի, Անկարայի և Բրյուսելի մասնակցությամբ քառակողմ ձևաչափի ստեղծում, ասել է Կոսը ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին Թուրքիայի հետ՝ այդ ուղղությամբ աշխատելով թյուրքական երկրների հետ:

Այս ամենը լիովին տեղավորվում է Բրիանա Թոդի և ընկերության՝ թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Հայաստանի մասին զրույցներին, որոնք հանգամանքների որոշակի համադրության դեպքում կարող են իրականություն դառնալ։

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս