ԵՄ-ն հայտարարում է ՀՀ-ում Մոլդովայի օրինակը կրկնելու մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր կայացավ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստը, որի ավարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:

Հայաստանն ու Եվրոպական միությունը Բրյուսելում կայացած գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը, և ըստ եվրոպական կողմի, այն ներառում է աջակցություն, որը կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինստիտուտների ուժեղացմանը, ներառելու է նաև համագործակցություն պաշտպանության և անվտանգության ոլորտում։

Այսօր փաստաթղթի ստորագրմանը հաջորդած ասուլիսի ընթացքում Կայա Կալասն ու Մարթա Կոսն ըստ էության հայտարարեցին, որ Եվրամիությունն աջակցելու է Հայաստանին նաև սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, այսպես կոչված, հիբրիդային սպառնալիքներին, ապատեղեկատվության տարածմանը, կիբեռհարձակումներին դիմակայելու հարցում։

Այս բաղադրիչը ԵՄ-ն փաթեթավորում է՝ որպես ՀՀ դիմակայություն, և փորձում կիրառել մոլդովական օրինակը։ Այսօր Կայա Կալասն իր խոսքում նաև նշեց, որ իբրև թե արտաքին դերակատարները (նկատի ունի Ռուսաստանին) փորձում են Հայաստանում մոլդովական փորձը կիրառել։

Կարդացեք նաև

Կայա Կալասն ասաց, որ Եվրոպական միությունը 15 մլն եվրո կտրամադրի Հայաստանին, որը կուղղվի Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը:

«Մի քանի նախաձեռնություններ են իրականացվելու՝ ականազերծման գծով վերապատրաստում, սարքավորումներ են տրամադրվելու»,- ասաց Կալասը:

Նրա խոսքով, ՀՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրականացվող ապատեղեկատվական արշավների հետ կապված մարտահրավերներ ունի Հայաստանը, և այդ հարցում ևս Եվրամիությունն աջակցելու է, ՀՀ իշխանությունը միայնակ չէ:

«Ռուսաստանն ու իր արբանյակներն ապատեղեկատվական արշավներ են իրականացնում Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում, այսինքն՝ սցենարը նույնն է: Եվրամիության ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել և արձագանքել նման ազդեցություններին»,- նշեց Կայա Կալասը Բրյուսելում:

ՀՀ ԱԳ նախարարն իր հերթին՝ ասաց, որ այս փաստաթղթով ՀՀ-ԱԵՄ համագործակցությունը բարձրացրին ռազմավարական մակարդակի, ինչն իրենց հավակնությունների վերջը չէ:

Նա հիշեցրեց, որ Հայաստանի խորհրդարանը մարտ ամսին օրենք ընդունեց ԵՄ-ին անդամակցության մասին: «Այսօրվա հանդիպման ուղերձը շատ կարևոր է, Հայաստան-ԵՄ համագործակցությունը մտնում է նոր փուլ»,- ասաց Միրզոյանը՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունն ավելի կամրապնդի Հայաստանի դիմակայունությունը:

«2026 թվականի մայիսին տեղի է ունենալու ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը: Սա ևս կարևոր միջոցառում է լինելու, և ակնկալում եմ ձեզ տեսնել Երևանում»,- նշեց Միրզոյանը։ Նրա խոսքով, ՀՀ-ԵՄ համագործակցությունը կամրապնդի ՀՀ դիմակայությունը հիբրիդային սպառնալիքների լույսի ներքո։

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն էլ վերահաստատեց ներկայացված օրակարգը՝ նշելով, թե Հայաստանն ու Եվրոպական միությունը շարունակում են աշխատանքը վիզայի ռեժիմի ազատականացման ուղղությամբ և ձգտում են վիզաներից ազատ ճամփորդությունների հնարավորություն տալ Հայաստանին։ Նա նշեց, որ առաջարկել է ստեղծել տրանսպորտային կապակցվածության հարցերով Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա-Եվրամիություն քառակողմ ձևաչափ: «Հոկտեմբերին ենք սկսել քննարկումները։ Ես խնդրել եմ, որ նախարարն այսօր մեզ ներկայացնի տրանսպորտային կապակցվածության օրակարգում Հայաստանի առաջնահերթությունները, հետո միասին կքննարկենք»,- ասաց Մարթա Կոսը՝ հավելելով, թե բազմաթիվ քայլեր կարող են ձեռնարկվել կապակցվածության օրակարգով, բայց դա հնարավոր է միայն խաղաղության պայմաններում:

Նա նշեց, որ Եվրոպական միությունը Հայաստանին ֆինանսական աջակցություն կտրամադրի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ապատեղեկատվության դեմ պայքարի համար։

«5 մլն եվրո համագործակցության ֆինանսավորում ենք տրամադրում Արևելյան գործընկերության տարածաշրջանի համար, այդ թվում՝ Հայաստանին, ընտրություններին ընդառաջ ապատեղեկատվության դեմ պայքարն ապահովելու համար»,- ասաց Կոսը:

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը հավելեց՝ ամենուր ժողովրդավարությունը սպառնալիքի առարկա է դառնում, և Հայաստանը կարող է այս հարցում ապավինել ԵՄ աջակցությանը:

«Մենք աշխատանքներ պիտի տանենք ապատեղեկատվության դեմ պայքարելու, քաղաքացիական հասարակությանը և մեդիաներին աջակցելու նպատակով, որպեսզի կանխենք ճնշումներն այդ ուղղությամբ»,- նշեց Մարթա Կոսը:

Այսպես կոչված, հիբրիդային սպառնալիքների ու ապատեղեկատվության դեմ պայքարին իրենց խոսքում անդրադարձան թե Կայա Կալասը, թե Արարատ Միրզոյանն ու Մարթա Կոսը։ Եվ ըստ էության, ԵՄ պաշտոնյաներն առաջին անգամ ուղիղ տեքստով ըստ էության առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց աջակցությունը հայտնեցին ՔՊ-ական իշխանությանը՝ տրամադրելով աջակցություն ՀՀ իշխանություններին ընտրություններին ընդառաջ Մոլդովայի իշխանությունների կիրառած ներքին ճնշումները բանեցնելու համար՝ այդ ամենը փաթեթավորելով «հիբրիդային սպառնալիքներ Ռուսաստանից» ձևակերպման ներքո։

Իսկ իրականում ԵՄ-ն փաստորեն սրանով կարող է աջակցել իշխանություններին Հայաստանում այլախոհության, կարծիքի ազատ արտահայտման և այն ԶԼՄ-ների դեմ, որոնք ապահովում են բազմակարծություն։

Տեսանյութեր

Լրահոս