Օրբան-Պուտին հանդիպումը երաշխավորել է էներգետիկ անվտանգությունը. Սիյարտո
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքները երաշխավորել են Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը՝ հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն, որը մասնակցել է երկու առաջնորդների միջև Կրեմլում կայացած բանակցություններին։
Նա նշել է, որ Հունգարիան այս բանակցություններում հասել է իր գլխավոր նպատակին՝ այն է՝ «իր էներգետիկ անվտանգության երաշխիքներ ստանալը»։
«Ես ուրախ եմ հայտնել, որ Ռուսաստանի նախագահը վստահեցրել է վարչապետ Վիկտոր Օրբանին, որ Ռուսաստանը կկատարի իր պայմանագրային պարտավորությունները՝ թե՛ բնական գազի, թե՛ նավթի մատակարարման համար։ Համաձայնեցված ծավալները Հունգարիա կհասցվեն ժամանակին», – ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է նա:

