Պղծվելը նորաձև է․ Կուսության ինդուլգենցիաներ՝ այլասերվածների կողմից
Հայ Առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սանձազերծած արշավը, ի թիվս այլ այլանդակությունների, բացահայտում է նրա իշխանության պահպանման հիմնական գործոններից մեկը։
Փաշինյանը չունի կարմիր գծեր։ Չունի ոչ թե հարաբերական իմաստով, ինչը բնորոշ է շատ քաղաքական գործիչների, այլ չունի բացարձակորեն։ Բարոյականության ու բարեվարքության հետ, մեղմ ասած, խնդիրներ ունեցող եպիսկոպոսների միջոցով Եկեղեցին «մաքրազերծելու» նրա քայլն ասվածի վառ վկայությունն է։
Նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չդնելու փաշինյանական գործելաոճը նորություն չէ։ Նա այդպես վարվել է իշխանության գալուց առաջ և բազմապատիկ ավելի ցինիզմով շարունակում է՝ որպես իշխանություն։ Եվ խնդիրը միայն այդ գործելաոճի հակաբարոյական, անէսթետիկ ու ապաարժեքային բնույթը չէ։ Որևէ արգելքի, կարմիր գծերի բացակայությունը Փաշինյանի անձնական ու նրա իշխանության հավաքական ուժի աղբյուրն է, քաղաքականության մյուս սուբյեկտների հետ պայքարում դեռևս չգերազանցված մրցակցային առավելությունը։
Այնպես չէ, որ նրա դեմ պայքարողները բարոյականության մոնումենտներ են, առաջնորդվում են միայն մաքրամաքուր արժեքներով ու ազնվության նորմերով։ Ոչ, քաղաքականության մեջ այդպես չի լինում։
Բայց այդքանով հանդերձ, Փաշինյանի դեմ պայքարողների գերակշիռ մեծամասնությունը, ավելի կամ պակաս չափով, ունի որոշակի կարմիր գծեր, նվազագույն չափի արգելակներ։ Դրանց փոքր մասն իրապես արժեքային է, ավելի մեծ մասը՝ սոցիալական նորմերին հետևելու, միջավայրում անարգանքի չարժանանալու վախից դրդված։ Բայց բոլոր դեպքերում, հակաիշխանական ճամբարն ունի որոշակի արգելքներ, որոնք քաղաքական պայքարում իշխանությանը տալիս են առավելություն։
Մյուս կողմից, սակայն, իշխանության դեմ պայքարողների խնդիրը չպետք է լինի կարմիր գծերի հարցում Նիկոլ Փաշինյանին հավասարվելը, միջոցների մեջ խտրություն չդնելու առումով նրան գերազանցելը, ինչի արտահայտությունները երբեմն տեսանելի են։ Դա ի սկզբանե ձախողված ճանապարհ է, ինչպես որ Փաշինյանին նրա պես մեկով փոխարինելու դատապարտված փորձերը, քանի որ, բացասական իմաստով, նա անգերազանցելի է։
Արգելակներ չունենալու, միջոցների մեջ խտրություն չդնելու փաշինյանական գործելաոճի վտանգավորությունը միայն նրա անձով չի սահմանափակվում։ Շատ ավելի աղետալի հետևանքներ կարող է ունենալ և արդեն իսկ ունի նրա կողմից հասարակությանն իր նման դարձնելու քաղաքականությունը։
Իր առջև դրված բոլոր խնդիրները ցանկացած գնով լուծելով, այդ ճանապարհին ոտնահարելով ազգային, մարդկային արժանապատվությունը, հիշողությունը, հավիտենական թվացող սրբությունները, նա հասարակությանը ստիպում է մտածել, որ դա է «լավ ապրելու» ճանապարհը։
Միջոցների մեջ խտրություն չդնող ղեկավարին տևական ժամանակ հանդուրժող հասարակությունն ինքն է դառնում այդպիսին՝ առանց կարմիր գծերի, առանց բարոյական ու արժեքային արգելքների։ Դա ամենաշատն անհրաժեշտ է իշխանությանը, անձամբ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի իր կողմից կատարված ու դեռ կատարվելիք ցանկացած անբարոյականություն հանրությունը ոչ միայն սովորական ընդունի, այլև ընդօրինակելով՝ նույնն անի նաև կենցաղում, աշխատավայրում, հարազատների, ընկերների հետ։
Դավաճանության մեջ մեղադրվողին պետք է, որպեսզի հնարավորինս մեծ թվով մարդիկ թաթախվեն դավաճանության մեջ, սրբապղծության մեջ մեղադրվողների համար ցանկալի է, որ ավելի մեծ թվովներն անարգեն սրբությունները, ուրացողների միջոցով նպատակներին հասնողներն ամեն ինչ կանեն, որ առավելագույն թվով քաղաքացիներ ուրանան ամենայնը։
Հայաստանն ունի առանց արգելակների իշխանություն, որն այդպիսին է դարձնում նաև հանրությանը։ Դա կանխելու ճանապարհն առանց արգելակների, առանց սահմանագծերի ու առանց արժեքների պայքարը չէ։ Եվ անգամ պայքարի թիրախը չպետք է լինի իշխանությունը կամ Նիկոլ Փաշինյանը։
Նրա դեմ պայքարում հաջողության հասնելու համար պայքարողները պետք է աշխատեն հասարակության հետ այնպես ու այնքան, որ հանրությունը նորից ապրի նվազագույն բարոյական իմպերատիվներով, մերժելով գոնե ակնհայտ դավաճանությունը, ուրացումը, սրբապղծությունը։
Այս պահին դա թվում է սարսափելի դժվար, քանի որ իշխանությանը հաջողվել է էապես իր նման դարձնել՝ այլասերել հասարակությանը։ Բայց դա հաստատ ավելի դժվար չէ, քան այլասերվածների կողմից կուսակրոնության ինդուլգենցիա բաժանելու այսօրվա եղկելի տեսարանը, որն ընդամենը մի քանի տարի առաջ կթվար տիեզերական մասշտաբի անկարելիություն։
Հարություն Ավետիսյան

