Էրդողանի խորհրդականն ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացը
Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչն Անկարայում ընդունել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարականներով ներկայացուցիչ Հալեֆ Հալեֆովին և նրան ուղեկցող պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Արցախին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին։
X-ի միկրոբլոգում հանդիպման մասին հայտնել է Քըլըչը։ Նա մասնավորապես նշել է.
«Քննարկել ենք Թուրքիայի ու Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները, Ղարաբաղի ազատագրումից հետո կառուցման և վերականգնման աշխատանքները, ընթացքը։ Եվս մեկ անգամ ընդգծել ենք, որ պետք է իրականացնել անհրաժեշտ բոլոր քայլերը տարածաշրջանում մնայուն խաղաղություն հաստատելու համար։ Բացի այդ, մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ։
Մեր գոհունակությունն ենք հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ»։

