ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինային երաշխիքներ տալ միայն հաշտության համաձայնագրի ստորագրումից հետո․ Politico
Միացյալ Նահանգները կարծում է, որ նախքան Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելը պետք է հաշտության համաձայնագիր կնքվի: Politico-ն գրում է, որ, այս մասին եվրոպացի պաշտոնատար անձանց հետ հեռախոսազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն եվրոպացի դաշնակիցներին հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է հաշտության համաձայնագիր կնքել՝ նախքան Ուկրաինայի համար անվտանգության որևէ երաշխիքի համաձայնելը», – ասվում է Politico-ի հրապարակման մեջ։
Եվրոպացի պաշտոնատար անձանց հետ հեռախոսազրույցում Ռուբիոն ասել է, որ Կիևին անվտանգության երկարաժամկետ երաշխիքների հարցը նախագահ Դոնալդ Թրամփը կքննարկի ավելի ուշ, և «այս պայմանն առանցքային է դարձել անցյալ շաբաթ Կիևին ուղղված ամերիկյան առաջարկներում»։
Պետքարտուղար Ռուբիոն եվրոպացիների հետ իր զրույցում ընդհանուր գծերով հիշատակել է մի շարք այլ հարցեր, որոնք անհրաժեշտ է լուծել համաձայնագրի կնքումից հետո։ Աղբյուրի խոսքով՝ դրանք վերաբերել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և սառեցված ռուսական ակտիվներին։
Հրապարակման մեջ նշվում է, որ «առանձին եվրոպական երկրներ վախենում են, թե Թրամփի վարչակազմը կշեռքի նժարը կթեքի Ռուսաստանի օգտին»։
«Ոչ մի խոսք մարդու իրավունքների, հումանիտար իրավունքի, միջազգային իրավունքի կամ սկզբունքների մասին։ Սա ստեղծում է եվրոպական անվտանգության նոր ճարտարապետություն՝ լի թերություններով», – հրատարակությանն ասել է դիվանագետներից մեկը։

