Որքանով են իրատեսական կառավարության ծրագրում նշված խոստումները
Մի քանի օր առաջ 76 կողմ, 41 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովը հավանություն տվեց կառավարության ծրագրին: Ծրագրի առողջապահական մասում նշվում է, որ ոլորտում իրականացվող բարեփոխումները շարունակելու են շեշտադրել առողջապահական ծառայությունների մատչելիությունը, հասանելիությունն ու որակի բարձրացումը:
Ըստ ծրագրի՝ առողջապահության ոլորտում կառավարության քաղաքականության փոփոխությունն ուղղված է լինելու հիվանդությունների կանխարգելմանը՝ առողջ կենսակերպի համար պայմաններ ստեղծելու միջոցով: Այսպիսով՝ կառավարությունը նախատեսում է ապահովել հիվանդությունների ճշգրիտ և վաղ ախտորոշումը, որակյալ բուժումը, շարունակել մարզային բժշկական հաստատությունները վերակառուցելու և վերազինելու ծրագրի իրականացումը` հանրապետության ամբողջ տարածքում հասանելի դարձնելով ժամանակակից բժշկական ծառայությունները, ապահովել հասանելի, մատչելի, անվտանգ և արդյունավետ դեղերի առկայությունը, բժշկական ծառայությունների որակի կառավարման նպատակով փուլ առ փուլ ներդնել ապացուցողական բժշկության վրա հիմնված բժշկական օգնության տրամադրման չափորոշիչները և հիվանդների տվյալների բազայի վարման արձանագրությունները. նախանշված են մի շարք այլ նպատակներ:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ծրագիրը հնարավորություն կտա՞ լուծելու այն բոլոր խնդիրները, որոնք առկա են ոլորտում:
«Գիտեք, ծրագրում հնարավոր չէ ընդգրկել բոլոր այն խնդիրները, նույնիսկ նրանք, որոնք պետք է առօրյայում իրականացնենք: Դա կլիներ շատ-շատ մեծ փաստաթուղթ, բայց այն հիմնական ուղղությունները, որոնք մենք ընդգրկել ենք, դրա շուրջը, իհարկե, մենք կկառուցենք մյուս հարցերը, որոնք կցանկանանք իրականացնել: Պետք է ասեմ, որ մոտ ժամանակներս ես մտադիր եմ կոլեգիայում այդ ծրագրից բխող մեզ համար ծրագիր պատրաստել առաջիկա 4 տարիների համար, որը կլինի մեր ուղեցույցն առաջիկա տարիներին»,- պատասխանեց նա:
Հարցին՝ արդյոք ծրագրի թերություններից չէ՞ այն, որ այնտեղ նախանշված են նպատակները, սակայն դրանց հասնելու մեխանիզմները ներկայացված չեն, նախարարը պատասխանեց. «Մենք նշել ենք այն թիրախները, այն նպատակակետը, որին պետք է հասնենք: Մենք դրանց ճանապարհներն ունենք, գիտենք, բայց եթե մենք այդ ամեն մանրամասներով նշեինք, ինքն արդեն կլիներ աշխատանքային պլան, ոչ թե ծրագիր: Մենք, իհարկե, տիրապետում ենք նաև դրանց և տարիների ընթացքում պետք է հասնենք նրան, որ այդ խնդիրները կարողանանք կատարել»:
Կառավարության ծրագրի բնապահպանական մասում էլ նշված է, որ «բնապահպանական և տնտեսական օգուտների ու վնասների հետազոտման միջոցով հավասարակշռված բնապահպանական միջավայրի ապահովումը, մարդու առողջության պահպանումը և կյանքի որակի բարձրացումը բնապահպանության ոլորտում Հայաստանի կառավարության քաղաքականության առանցքն են»:
Այս նպատակով կառավարությունը նախատեսում է շարունակել ուժեղացնել պետության վերահսկողությունը շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ` օդի, ջրի որակի, կանաչ տարածքների, աղբամշակման բարձր չափանիշների սահմանմամբ, հիմնանորոգել կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանները և կառուցել նորերը, ապահովել անտառապատման և անտառավերականգնման ծավալների հետագա աճը, անտառների ապօրինի հատումների կանխումը, անապատացման դեմ պայքարը, կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության պահպանումը, մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության կանխարգելմանը, կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանը, ինչպես նաև օզոնային շերտի պահպանմանն ուղղված քայլերի, ջրի և անտառի ազգային ծրագրերի ամբողջական իրականացումը, ուժեղացնել ընդերքի շահագործման, ինչպես նաև բնական պաշարների վերականգնման ու վերարտադրության նկատմամբ վերահսկողությունը:
Ծրագրում նշված են նաև մի շարք այլ նպատակներ: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծրագրում հիմնականում ներառված են բոլոր հիմնախնդիրները. «Հիմնական գաղափարախոսությունը շրջակա միջավայրի պահպանությունն է, և ռազմավարությունն է ներդրված, որի հիմքում լինելու է կանաչ տնտեսության գաղափարախոսությունը:
Այս ժամանակահատվածը մենք օգտագործելու ենք կանաչ տնտեսության գաղափարախոսությունը զարգացնելու, «Ռիո+20», միջազգային բոլոր գործընթացների շրջանակներում նաև կարողանանք մեր խնդիրները կարգավորել, և մենք մեր ոլորտի հետ կապված խնդիրները ներառել ենք բոլոր ռազմավարական ուղղություններով, և այս ուղղությամբ մենք մեր ծրագրերն իրականացնելու ենք»:
Արամ Հարությունյանից նույնպես հետաքրքրվեցինք՝ արդյոք ծրագրի թերացում չէ՞ այն, որ նպատակներին հասնելու մեխանիզմները ծրագրում նշված չեն, ինչին ի պատասխան` նա ասաց. «Ո՛չ: Կառավարության ծրագրի մեջ չեն կարող այդ բոլոր մեխանիզմները նշվել, որովհետև մեխանիզմները մեր գործառույթներն են, որոնք մենք պետք է իրականացնենք: Եթե ամբողջ մեխանիզմները նշենք, միայն այն անդամակցությունը, որ մենք կոնվենցիաներին, արձանագրություններին անդամակցում ենք, և այն ռազմավարությունը, որ ամբողջապես մենք մշակել ենք, և հաստատվել է, դրանք տարբեր փաստաթղթեր են, և կարծում եմ՝ եթե ամբողջ ծրագրի մեջ բոլոր գերատեսչությունները ներառեն, ապա դա շատ ավելի մեծ փաստաթուղթ կլինի:
Որովհետև, բնականաբար, այն ուղղությունները, մեխանիզմները, գործիքակազմը, որը նախատեսվում է օգտագործել, կարծում եմ, դա ծրագրի մեջ ներառելը մի քիչ անհասկանալի կլինի: Ծրագրի մեջ ներկայացվում են այն ռազմավարական ուղղությունները, որով անհրաժեշտ է մեր այսօրվա քաղաքականությունը վարել` տնտեսության զարգացման ռազմավարության տեսանկյունից նաև պահպանելով շրջակա միջավայրի պահպանության գործառույթները»:
«168 ԺԱՄ»