Հայաստանյան ներկայացուցիչները վերածվել էին Բաքվի խոսնակի. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը «Թելեգրամ»-ի իր էջում գրում է. «Հետևելով հայաստանյան ոչ կառաավարական կառույցների ներկայացուցիչների խմբի ասուլիսին՝ Բաքվից վերադարձից հետո, համոզվեցի իմ այն գնահատականի հարցում, որ այդ պրոցեսի նպատակն առավելապես քարոզչական է:

Ընդ որում, այսօր կայացած ասուլիսի ընթացքում բավականին ակնառու էր, որ կամա, թե ակամա, բայց հայաստանյան ներկայացուցիչները առնվազն ասուլիսային այդ ձևաչափում վերածվել էին Բաքվի խոսնակի: Ընդ որում, ընդհանուր համատեքստն իհարկե այն «հաստատված խաղաղության» ծիրում է, որ պաշտոնական Երևանի նախընտրական քարոզչության առանցքն է:

Տպավորություն է, որ այս գործընթացում ադրբեջանական կողմի առկայությունը ընդամենը հայաստանյան խմբի աշխատանքի հաամար անհրաժեշտ ֆոնն է, իսկ բուն անելիքը հայաստանյան խմբինն է:

Համենայն դեպս, ըստ էության նաև հասկանալի է, որ ադրբեջանական «հիերարխիայի» տրամաբանությունը նույնիսկ ավելորդ է դարձնում այդպիսի խմբի առկայությունն այդ երկրում: Կենտրոնաձիգ՝ խանակլանային կառավարմամբ երկրում քաղաքացիական հանրությունը որևէ պահի իշխանության այս կամ այն նարատիվն առաջ մղելու համար չունի Հայաստան գալու-գնալու կարիք:

Ըստ այդմ, պրոցեսը, որ ծավալվում է «քաղհասարակության» այսպես ասած տրեկով, գործնականում գերազանցապես հայ հանրությանը «թիրախային ուղղություն» դիտարկող պրոցես է:

Ընդ որում, եթե հետահայց դիտարկենք այս երևույթը, ապա դժվար չի լինի հիշել օրինակ, թե ինչպես էին Հայաստանում տարբեր դրամաշնորհային ծրագրեր իրականացվում հայ հանրության «խաղաղասիրության» ուղղությամբ, տարբեր առիթներով և փաթեթներով: Իսկ Ադրբեջանի հարցում՝ Ալիևը փակել էր բոլոր խողովակները: Եվ դա այն դեպքում, երբ հայ հանրությունը երբեք աչիք չի ընկել այսպես ասած ռազմատենչությամբ կամ պատերազմահենությամբ, և այդօրինակ տրամադրությունները Հայաստանում և նույնիսկ Արցախում եղել են մարգինալ: Այն դեպքում, երբ հենց Ադրբեջանում էր տասնամյակներ քարոզվում, և առ այսօր կրթական մակարդակում ինստիտուցիոնալացված կերպով առաջ է մղվում Հայաստանի ու հայերի հանդեպ հավակնությունների մտածողությունը»:

Տեսանյութեր

Լրահոս