«Բառախաղերով փորձում են էշի տեղ դնել ՀՀ քաղաքացուն»․ «որոշակի խաղի կանոններ պետք է սահմանվեն ընդդիմության տիրույթում». իրավապաշտպաններ
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին ելույթ է ունեցել Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների հետ համաժողովում: Մարզահամերգային համալիրում ընթացող այս միջոցառմանը լրագրողների մուտքն արգելված է: Ի դեպ, այս հանդիպման մասին տեղեկացրել էր 168․am-ը՝ նշելով, որ hրահանգել են՝ մի մարդու պես ներկա գտնվել:
Ամեն դեպքում, անգամ փակ հանդիպումից ՔՊ-ականների հրապարակած տարբեր տեսանյութերից հասկանալի է դառնում, որ Նիկոլ Փաշինյանն էլի նախկին՝ սեփական օրակարգերն արծարծելու գործին է։
Այսպես, ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի տարածած տեսանյութից, օրինակ, պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսել է միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի և նաև նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին:
«Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմամբ»,- ասել է Փաշինյանը։
Ի՞նչը պետք է լեգիտիմացնի Նիկոլ Փաշինյանը՝ հարցին ի պատասխան՝ իրավապաշտպան, վավերագրող Հովհաննես Իշխանյանը 168․am-ի հետ զրույցում ցավով թվեց․ «Պիտի լեգիտիմացնի Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, Տավուշի տարածքների հանձնումը, մեր դեմ իրականացվող հանցագործությունների վերաբերյալ հայցերի հետկանչումը, Մինսկի խմբի ցրումը․․․ այսինքն՝ այն ամենը, ինչ մեր դեմ կատարել է, նա խնդիր ունի լեգիտիմացնելու։
Դա, բնականաբար, նաև արվում է Ադրբեջանի պահանջով, քանի որ այն, ինչ արվել է, արվել է ի շահ Ադրբեջանի»։
Հովհաննես Իշխանյանը չի հավատում «մեր ներքին լեգիտիմության ամրապնդման» համար ձևակերպմանը, քանի որ կարծում է՝ շատերին է պարզ, որ Փաշինյանը Սահմանադրությունը փոխում է Ադրբեջանի պահանջով։
«Բառախաղերով փորձում են էշի տեղ դնել ՀՀ քաղաքացուն․ մեր իրավունքներն այս տարիներին ոտնահարվում են բառախաղերով»,- ամփոփեց նա։
Իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանը Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին փաշինյանական դիտարկումներն օբյեկտիվ չի համարում։

«Հայաստանի զարգացման համար Սահմանադրության փոփոխություն պետք չէ․ դա միայն իր օրակարգն է։ Նա դա կարող է անել իր իշխանությունը վերարտադրելու համար, ադրբեջանական պատվերներ կատարելու համար, կամ՝ ուղղակի կեղծ օրակարգերով փորձում է հանրային դաշտը լցնել»,- մանրամասնեց նա։
Հովհաննես Խուդոյանից նաև հետաքրքրվեցինք արդեն գործող Սահմանադրության շրջանցման փորձով «վեհարանի ազատագրման» փաշինյանական պլանի «Պատարագներով» լեգիտիմացման փորձերի մասին ևս։
Ի վիճակի՞ են արդյոք հանրային ու քաղաքական այն շրջանակները, որոնք դեմ են այս օրակարգերին, իրենց վրա վերցնել իշխանությունների «հարվածը»՝ հետաքրքրվեցինք իրավապաշտպանից։
«Կարծում եմ՝ ի վիճակի են, կարող են հակազդել դրան․ առնվազն որոշակի խաղի կանոններ պետք է սահմանվեն ընդդիմության տիրույթում՝ միասնություն պետք է լինի կոնկրետ հարցերի շուրջ, այդ թվում՝ քաղաքական հետապնդումների, եկեղեցու դեմ արշավի, մարզային նշանակության շատ այլ հարցերի»,- նկատեց նա։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով խոսել է Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին, ու խիստ զուգադիպորեն պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ «Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է»։


