Բաժիններ՝

Գետը ցամաքել է. ո՞ւմ խնդրենք, որ մեզ ջուր տա, 21-րդ դարում էս ի՞նչ կարգավիճակ է․ Զանգակատուն համայնքի բնակիչները, մի քանի տարի է՝ ահազանգում են

168am-ի խմբագրություն են դիմել Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչները, որոնք, շուրջ 6 տարի է՝ ահազանգում են ջրի սակավության հետևանքով առաջացած բազմաթիվ խնդիրների մասին, սակայն հարցն այդպես էլ չի լուծվում։

«Խնդիրները տարիների ընթացքում դարձել են էկոկատաստրոֆա մեր համայնքի համար, մեր բնության համար,- նշեց Զանգակատան բնակիչ Ավետիք Գրիգորյանը և մանրամասնեց,- Զանգակատուն գյուղի հյուսիսային մասում շատ տարիներ առաջ կառուցվեց ջրամբարը՝ մոտ 2 միլիոն մ³ տարողությամբ, որը նախատեսված էր գյուղի ողջ ոռոգելի տարածքի ոռոգման համար, բայց հետագայում շատ իրադարձություններ տեղի ունեցան, որոնք որոշեցին այդ ջրամբարի ջրի ճակատագիրը և արդյունավետությունը։

Իննսունական թվականներին պետության փլուզման հետևանքով այդ տարիներին հիմնված Պարույր Սևակ այգեգործական 4-րդ սովխոզն իր հողատարածքները ջրում էր Արաքսից սնվող պոմպակայաններով, այդ կառույցը փլուզվեց հասկանալի պատճառներով՝ ինչպես այլ կառույցներ, և փոխանակ այդ տարածքները ոռոգելու համար մտահոգ մարմինները նոր ներդրումներ անեին, որպեսզի ջրհան կայանները նորից աշխատեին, որոշեցին հեշտ մեթոդ գտնել և Զանգակատան ջրամբարից ջուրն անմիջապես տանել՝ առանց կոպեկ ծախսելու, էներգիայի և այլն։

Կարդացեք նաև

Հենց սա շատ լուրջ խնդիրների առաջ կանգնեցրեց համայնքի բնակիչներին, որովհետև ջուրն արդեն կիսվեց այն քանակությունը, որ նախատեսված էր Զանգակատան բոլոր հողատարածքները ոռոգելու համար, արդեն բաժանվեց 2 մասի, և տարիներ հետո էկոլոգիական աղետ տեղի ունեցավ դարավոր Արտոնք գետը, որի մասին հիշում է նույնիսկ Ալիշանը, ցամաքեց»։

Ավետիք Գրիգորյանը ցավով նշեց՝ գետի ցամաքելու հետևանքով ցամաքել են նաև գյուղ հոսող աղբյուրները, որոնք մի քանի տնտեսությունների հիմնական ջրի աղբյուրն էին, չորացել են ծառերը։

Զանգակատուն գյուղի բնակիչը խնդրեց բնապահպաններին, որ ակտիվ հետևեն այս խնդրի ընթացքին և պարտավորեցնեն պատկան մարմիններին մտածել ի շահ պետության, էկոհամակարգի։

«Թող գոնե ամեն գարնան, երբ ջրամբարի կարողությունն արդեն լրացվում է, որոշակի քանակությամբ ջուր բաց թողնեն այդ գետի հունով հոսելու համար։ Դա կլինի 20 լիտրով, դա կլինի 30 լիտրով։

Սրա հետևանքով արդեն նաև սանիտարահիգիենիկ իրավիճակն է սրվել․ եթե կոյուղաջրերը չեն խառնվում հոսող ջրերին, ապա ահավոր վիճակ է ստեղծվում գյուղի մեջ։ Հիմա սա պետք է շատ հրատապ, համար 1-ին հարցը լինի առաջիկա տարում, որպեսզի գոնե հնարավորինս կարողանանք հասնել նրան, որ գերշահույթը կրճատելու դիմաց՝ ստանանք մշտական հոսող ջուր այդ գետի հունով:

Նույն գյուղի բնակիչ Շավարշ Մարտիրոսյանը ևս պատմեց իրենց համայնքի ցամաքած գետի մասին, ասաց, որ ում դիմել են՝ ասել են, որ խնդրի լուծումն իրենց ուժերից վեր է։

«Գետ ունենք մենք՝ համայնքի գետն է, այս հինգերորդ տարին է, որ ցամաքել է էդ կոյուղիներն էլ՝ դրա վրա նստած։ Ու հիմա՝ մի անտանելի գարշահոտ, անելանելի վիճակ։ Գետի վրա կային աղբյուրներ, որոնց մեծ մասը ցամաքել է, մեկից մենք ենք սնվում, ու մենք գումար ենք մուծել ջրամբարին, 30 հազար դրամ, որ արհեստական ձևերով ջուր տանք աղբյուրին, որ ջուր ունենանք:

Այսօրվա դրությամբ նորից դիմում ենք, ջրամբարի տնօրենն ասում է՝ մեր ուժերից վեր է, գյուղապետն էլ է ասում՝ մեր ուժերից վեր է։ Ջրամբարի տնօրենը ջուրը փակել է ջուր չունեմ։ Այս հինգերորդ տարին է ՝ահազանգում ենք, ու խնդիրը չի լուծվել։

Չորացել են բարդիները, սոսիները, 5-ից ավելի հեկտար ամայի տարածք է առաջացել այս 5 տարում։ Ո՞ւմ խնդրենք, որ մեզ ջուր տա։ 21-րդ դարում էս ի՞նչ կարգավիճակ է»,- պատմեց Շավարշ Մարտիրոսյանը։

Ի դեպ, դեռ նախորդ տարի Զանգակատան ու Վարդաշատի բազմաթիվ բնակիչներ էին ահազանգել խնդրի մասին և լրատվամիջոցներին պատմել, որ Արարատի ներկայիս մարզպետի հոր` նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանի մեղքի բաժինն էլ կա ջրի սակավության խնդրում երկու գյուղերի այգիները չորացնում են նրա` Տիգրանաշեն գյուղում գտնվող խաղողի այգիները ջրելու համար։

Մի քանի տարի է՝ գյուղացիները բողոքում են, փաստացի՝ խնդիրը չի լուծվել կարևորը ղազախական ու ռուսական ցորենի հարցն է երևի, որ էկոնոմիկայի նախարարությունը չի զբազվում այսպիսի «մանր-մունր» հարցերով։

Տեսանյութեր

Լրահոս