Միշտ լինել անհիմն հետապնդվողների կողքին. Արամ Աբրահամյան. aravot.am

aravot.am-ը գրում է.

«Ինձ բացարձակապես չի հետաքրքրում՝ ինչ քաղաքական դիրքորոշում ունեն Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ էին նրանք ասել կամ ինչ են ասելու իմ կամ «Առավոտի» հասցեին:

Այս պարագայում ինձ համար կարեւոր չէ նաեւ, թե ինչ լրատվամիջոց կամ ինչ հարթակ են նրանք ներկայացնում: Ինձ հետաքրքրում են այլ հանգամանքներ, որոնք քաղաքականության եւ անձնական վերաբերմունքի հետ կապ չունեն: Ինձ համար կարեւոր է, որ նրանցից մեկի ասածը ամենաշատը վիրավորանք էր, որը քրեական հետապնդում չի ենթադրում: Որ նրանց «ասֆալտին փռելու» որեւէ անհրաժեշտություն չկար՝ նրանք ո՛չ փախչում էին, ո՛չ էլ որեւէ դիմադրություն էին ցուցաբերում:

Որ այդ «օպերացիան» իրականացնում էր ԱԱԾ- ն. պետք չէ վարկաբեկել պետության այդ կարեւորագույն կառույցը՝ քաղաքական պատվերներով: Եթե նույնիսկ կար «խուլիգանություն» (որն իրականում չկար), ապա դրանով պետք է զբաղվի ոստիկանությունը: Ինձ համար բացարձակապես անընդունելի է, որ առգրավվել է լրատվամիջոցի գույքը, եւ այդպիսով փաստացի արգելափակվել է դրա գործունեությունը:

Ես Նարեկի եւ Վազգենի կողքին եմ ոչ միայն այն պատճառով, որ վաղը կարող եմ նույն վիճակում հայտնվել: (Ակնհայտ է՝ որքան մոտենում են ընտրությունները, այնքան ռեպրեսիաները, այդ թվում՝ լրատվամիջոցների դեմ, սաստկանալու են): Բայց խնդիրը միայն դա չէ. ես իմ պարտքն եմ համարում լինել անհիմն հետապնդվողի, հալածվողի կողքին:

Մնացած քաղաքական եւ անձնական հարցերը տասներորդական են: Այդպես էր 30 տարվա ընթացքում, այդպես է հիմա, այդպես կլինի նաեւ հետագայում, երբ հալածվողների դերում կլինեն ՔՊ-ականները:

Հաշվի առնելով ատելության եւ վրեժխնդրության մթնոլորտը, որը նրանք ստեղծել են, դա միանգամայն հնարավոր է:

Իսկ նրանք, ովքեր «սապոգի», մահակի կամ «ժուչոկի» կողքին են… Ինչ արած, դա նրանց ընտրությունն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս