Մենք հանդուրժում ենք մարդուն, որը մեզ տարավ պարտության և հիմա ասում ա՝ լավ ա որ պարտվել ենք. սա ո՞նց ա հնարավոր. Մարինե Պետրոսյան
Բանաստեղծ Մարինե Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Մենք հանդուրժում ենք մարդուն, որը մեզ տարավ պարտության և հիմա ասում ա՝ լավ ա որ պարտվել ենք։ Մենք հանդուրժում ենք մարդուն, որը կանգնած ա մեր պետության ղեկին և ասում ա՝ եկեք ուրախանանք որ կորցրել ենք Արցախը, որովհետև առանց Արցախի մենք ավելի անկախ ենք և ազատ։
Սա ո՞նց ա հնարավոր։
Մարդիկ կան, որ ասում են՝ էս ա մեր ժողովուրդը։ Մարդիկ կան, որ ասում են՝ հայ ժողովուրդը Նիկոլին ա արժանի։ Բայց չէ՞ որ 88-ի ժողովուրդն էլ էր հայ ժողովուրդը։ Ոտքի կանգնեց Արցախի համար, երբ որ պետք եղավ՝ ինքնակամ գնաց կռիվ, կյանքը վտանգի տակ տակ դրեց։ Եվ հաղթեց։
Իսկ գուցե փոխվե՞լ ա հայ ժողովուրդը։ Փոխվե՞լ ա։ Իսկ ո՞նց, ինչո՞ւ ա փոխվել։
1988-ին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, Հայաստանը ազգային պետություն չէր, Սովետական Միության մի մասն էր, և սովետահայ դասագրքերում կոմունիզմ կառուցելու մասին էր գրված, ոչ թե Արցախը վերադարձնելու կամ այլ ազգային նպատակների։ Բայց ես ապրել եմ էդ շրջանում, արդեն չափահաս էի 88-ին և վստահորեն կարող եմ պնդել, որ ազգային նպատակը՝ հայոց կորսված հողերը վերադարձնելով հայոց կորսված պետությունը վերականգնելը, կենտրոնականն էր մարդկանց մտքերում։
Բա էդ ո՞նց էր տենց—կարող ա հարցնեն նրանք, ովքեր չեն ապրել էդ ժամանակներում։ Ասեմ ոնց էր տենց։ Էն Սովետում որտեղ ես ապրել եմ՝ վերջին շրջանի Սովետում, դասագրքերում գրվածը դասի/քննության ժամանակ ասելու և դրական թվանշան ստանալու համար էր միայն, դրանց ոչ ոք արդեն չէր հավատում։
Փոխարենը՝ համարյա բոլոր մարդկանց տներում կային գրապահարաններ, որոնց մեջ իրանց պատվավոր տեղն ունեին պատմավեպերը։ Եվ դասական լինեին դրանց հեղինակները թե ժամանակակից, էդ վեպերում կենտրոնականը, համարյա միշտ, հայոց կորսված հողերը վերադարձնելով հայոց կորսված պետությունը վերականգնելու հարցն էր։ Եվ ես հաստատ գիտեմ, որ մարդիկ հազար հազարներով կարդում էին էդ գրքերը, որովհետև հիշում եմ սուր բանավեճերը, որ ընթանում էին ժամանակակից գրողների գրած պատմավեպերի շուրջ։
Գրապահարաններում իհարկե միայն պատմավեպեր չէին։ Ոչ պակաս պատվավոր տեղ ունեին բանաստեղծական գրքերը։ Եվ բանաստեղծների գործերում նույնպես՝ հիշողությունն ու կորցրածը վերականգնելու կամքը մեծ մասամբ կենտրոնական էին։ Դրանք կենտրոնական էին նաև ամենասիրված նկարիչների գործերում։ Էդ թեմաներով նաև ֆիլմեր էին ստեղծվում։
Դրա համար էլ, երբ որ 88-ին մարդիկ հարյուր հազարներով Ազատության հրապարակում կամ Բաղրամյան փողոցի վրա հավաքված գոռում էին «Ղա-րա-բաղ», էդ վանկարկումը հենց նշանակում էր՝ «Ու-ժեղ Հա-յաս-տան»։ Իսկ առանց ուժեղ լինելու անհնար ա անկախ լինել։
Արցախյան շարժումն ու Արցախյան հաղթանակը անցած դարի 80-90-ականներին էին։ Անցել ա ընդամենը երեք տասնամյակ։ Եվ երեք տասնամյակում՝ մենք հաղթողից վերածվել ենք պարտվողի։ Բայց սրանից էլ ավելի սարսափելին կա՝ մենք բարոյապես էնքան ենք ընկել, որ հանդուրժում ենք մարդուն, ով ուրանում ա մեր հաղթանակը և փառաբանում մեր պարտությունը։ Մենք հանդուրժում ենք որ ինքը մնա մեր պետության ղեկին և որոշի մեր ազգի ճակատագիրը։
Ո՞նց ա սա դարձել հնարավոր։
Ես շատ լավ գիտեմ, որ Նիկոլի իշխանության գալու և մեր պարտության մեջ ոչ փոքր դեր են խաղացել աշխարհաքաղաքական գործոնները։ Բայց, արդեն ասեցի, պարտությունից ավելի սարսափելին մեր բարոյական անկումն ա՝ պարտությունը փառաբանողին հանդուրժելը։ Դրա մեջ էլ իհարկե դրսի ուժերի մատը որոշ չափով խառն ա։
Բայց եթե մեր ներքին դիմադրության ծառն ամուր լիներ, դրսից ղեկավարվող ոչ մի մանիպուլյացիա մեզ սենց կոտրել չէր կարող։ Ուրեմն մեղքը մերն ա։ Իսկ ամենամեծ մեղքը իմն ա՝ բանաստեղծ Մարինե Պետրոսյանինը։ Որովհետև մեր կամքի ծառը, դարերն ի վեր, հենց բառ ու ԲԱՆԸ ստեղծողներն են ջրել։ Իսկ էսօր մեր կամքի ծառը չորանում ա։ Ուրեմն իմն ա ամենամեծ մեղքը։ Ու ես պետք ա իմ մեղքը քավեմ։
/շարունակելի/»:

