Իրանի ԱԳ փոխնախարար. ԱՄՆ-ի հետ ցանկացած հնարավոր բանակցություն կլինի ոչ թե չեզոք, այլ՝ «զինված»
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի հետ ցանկացած հնարավոր բանակցություն չի լինի չեզոք, այլ ավելի շուտ՝ «զինված»՝ ընդգծելով Թեհրանի անվստահությունը և պատրաստակամությունը՝ դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր խաբեությանը, հաղորդում է Mehr-ը։
Խաթիբզադեն այս հայտարարությամբ հանդես է եկել Թեհրանում անցկացվող «Միջազգային իրավունքը հարձակման պայմաններում. ագրեսիա և պաշտպանություն» միջազգային համաժողովի շրջանակում։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ն չի ցուցաբերել իրական պատրաստակամություն՝ արդյունքի հասնող բանակցությունների համար։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին ամիսներին արել է ամեն ինչ՝ սրացումը և պատերազմը կանխելու համար։ Այն, ինչ տեղի ունեցավ դրա փոխարեն, արտացոլում է սխալ ընկալումներ և պատրանքներ», – ասել է նա։
Խաթիբզադեն բացատրել է, որ Վաշինգտոնը ձգտում է իր նպատակներին հասնել թատերական դիվանագիտության միջոցով, այլ ոչ թե իրական բանակցություններով։
Ըստ նրա,Իրանը միշտ պատրաստ է եղել համագործակցության՝ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի ղեկավարությամբ՝ առաջնահերթ համարելով ազգային բարձրագույն շահերը։
Փոխնախարարը մանրամասն անդրադարձել է «զինված բանակցություններ» եզրույթի օգտագործմանը՝ նշելով, որ հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից իր ամբողջ ռազմական զինանոցի տեղակայումը և այլ երկրների հանդեպ սպառնալիքները, նման պայմաններում ցանկացած բանակցություն չի կարող անաչառ լինել։
«Սա չեզոք բանակցություն չէ։ Կարևոր է ուշադրություն դարձնել գործընկերոջ մտադրություններին և գործողություններին», – ասել է նա։
Խաթիբզադեն ընդգծել է, որ Իրանի մոտեցումը համատեղելու է զգուշավորությունը և պատրաստականությունը։
«Զինված բանակցությունները նշանակում են, որ մենք ոչ միայն չենք վստահում մյուս կողմին, այլև լիովին պատրաստ ենք արդյունավետ քայլերի՝ ցանկացած խաբեության դեմ», – բացատրել է Իրանի ԱԳ փոխնախարարը։
Նա նաև խոսել է Իրանի վերջին ջանքերի մասին՝ բարձրացնելու միջազգային հանրության իրազեկվածությունը և «միավորելու ուժերը ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գերիշխանության դեմ»՝ նշելով, որ աշխարհում ռազմականացումը հասել է աննախադեպ մակարդակի և այն պետք է կանգնեցվի։

