Գագիկ Ծառուկյանը, հավատարիմ մնալով իր խոսքին, անձամբ է երաշխավորում մրցույթի բաց ու արդար ընթացքը. Իվետա Տոնոյան
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Սիրելի՛ ընկերներ,
Շարունակում եմ այս ձևաչափով պարբերաբար ամփոփել մեր թիմի կողմից իրականացվող նախաձեռնությունները և ընթացիկ աշխատանքները։
Միաժամանակ ուզում եմ ընդգծել կարևոր մի հանգամանք․ երիտասարդները հաճախ հարցնում են՝ արդյոք մրցույթը լինելո՞ւ է արդար։ Եվ այդ հարցը լիովին բնական է, որովհետև երիտասարդ սերունդը տարիների ընթացքում բազմիցս բախվել է անարդարության տարբեր դրսևորումների։
Գագիկ Ծառուկյանը, հավատարիմ մնալով իր խոսքին, անձամբ է երաշխավորում մրցույթի բաց ու արդար ընթացքը։ Հենց այդ նպատակով ձևավորվում է ծանրակշիռ, պրոֆեսիոնալ և անկախ հանձնաժողով, որի անդամները կուսումնասիրեն բոլոր հայտերը և կընտրեն լավագույն առաջարկները։ Վստահեցնում եմ՝ բոլոր արժեքավոր ու հեռանկարային գաղափարները ներառվելու են «Առաջարկ Հայաստանին» ծրագրում։
Շարունակվում է կամավորների ամենօրյա հոսքը դեպի Հատիս լեռ՝ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայր։ Տարբեր համայնքներից, ոլորտներից ու տարիքային խմբերից մարդիկ միանում են աշխատանքներին՝ իրենց ներդրումն ունենալու այս կարևոր նախագծում։
«Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում իրականացվում են ակտիվ մարզային այցելություններ։ Թիմի անդամները մասնակցում են բազմամարդ հանդիպումների՝ հեռու և մոտիկ համայնքների բնակիչների հետ։ Գրանցվում է սպասվածից ավելի բարձր ակտիվություն։ Այս ծրագիրն իսկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ մարդկանց համախմբում է իր վերկուսակցական գաղափարով։ Մեր թիմակիցները մարզերի բնակիչներին լսում են, գույքագրում խնդիրները, հավաքագրում առաջարկները, որպեսզի դրանք այնուհետև ներկայացվեն «Առաջարկ Հայաստանին» ծրագրին՝ հետագա քննարկման համար։
Շնորհակալություն բոլորին ակտիվ մասնակցության, ներգրավվածության և վստահության համար։ Շարունակելու ենք աշխատել առավել ակտիվ, հետևողական ու պատասխանատու»:

