Հարևան պետությունների շարքում ՀՀ ԶՈւ-ն իր հզորությամբ առաջ է միայն Վրաստանից․ Global Firepower
Աշխարհի ամենահզոր բանակների ցանկում Հայաստանը՝ 2,0373 միավորով, զբաղեցրել է 90-րդ հորիզոնականը։ Առավելագույն հնարավոր ցուցանիշը 0.0000 է։
Global Firepower վարկանիշային աղյուսակը համեմատում է 145 երկրների զինված ուժերը 60 ցուցանիշով, այդ թվում՝ սարքավորումների և անձնակազմի թվաքանակ, ինչպես նաև ֆինանսական վիճակ, ռեսուրսների առկայություն և այլ գործոններ։
Հզորությունը որոշվում է ոչ միայն երկրի զինված ուժերի չափերով, այլև նրա ակտիվներով՝ նավերը, ինքնաթիռները, պաշտպանական բյուջեով և բնական պաշարներին հասանելիությամբ (նավթ, ածուխ)։
Միացյալ Նահանգները կրկին զբաղեցրել է առաջին տեղը՝ շնորհիվ իր ամենամեծ պաշտպանական բյուջեի և ռազմատեխնիկական լայնածավալ զինանոցի։ Ռուսաստանը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ աչքի ընկնելով իր հզոր հրետանիով և բազմակի հրթիռային համակարգերով, մինչդեռ Չինաստանը զբաղեցրել է երրորդ տեղը՝ առաջատար լինելով ռազմածովային ուժերի առումով։
Հնդկաստանը վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է չորրորդ տեղը, իսկ Հարավային Կորեան՝ հինգերորդը։ Մեծ Բրիտանիան զբաղեցրել է վեցերորդ տեղը, Ֆրանսիան՝ յոթերորդը, որին հաջորդում են Ճապոնիան, Թուրքիան և Իտալիան։
Հարևան պետություններից Վրաստանը զբաղեցրել է 94-րդ, Ադրբեջանը՝ 60-րդ, Իրանը` 16-րդ, իսկ Թուրքիան՝ 9-րդ հորիզոնականները։

