Ենթասպան կկանգնի դատարանի առջև՝ ստորադրյալներին ստորացնելու մեղադրանքով

ՀՀ ՊՆ N զորամասի պահեստապետ, կոչումով ենթասպա, այսինքն՝ զինվորական կոչման բերումով պետ Գագիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել անպարկեշտ ձևով շարքային զինծառայողների պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու համար: Այս մասին հաղորդում է pastinfo.am կայքը:

Այսպես, ըստ մեղադրանքի, նա 22.01.2013թ. ժամը 18.00-ի սահմաններում շարք չկանգնելու կապակցությամբ արված դիտողության շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, օձիքից քաշքշել և ձեռքում գտնվող մատյանով հարվածել է մեկ այն զորամասից իրենց զորամաս գործուղված պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Դավիթ Մկրտչյանի դեմքին: Այնուհետև, ըստ մեղադրանքի, ենթասպան ձեռքով հարված է հասցրել այդ պահին իրենց մոտեցած, զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռուբեն Ղարիբյանին, ինչից հետո կրծքավանդակից հրել, այնուհետև ձեռքով հարվածել է նաև նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դերենիկ Մովսիսյանի դեմքին, և վերջիններիս ու վիճաբանությունը հանդարտեցնելու նպատակով միջամտած նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Ադամյանի հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ:

Ենթասպային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի երկրորդ մասով՝ Զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաև պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:

Գործն ընդունվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վարույթ:

Տեսանյութեր

Լրահոս