Պետք է այնպես անենք, որ մեր ժողովուրդն ընտրություններով մերժի այս իշխանությանը, և տեր կանգնենք ժողովրդի քվեին․ Իշխան Սաղաթելյան

Այս իշխանության վերարտադրությունը հղի է մի շարք վտանգներով ու կորուստներով։ Փաշինյանը կարողացավ խաբել մեր ժողովրդին, մանիպուլացնել, վախի մթնոլորտ տարածել, թե իբր իր հեռացումը բերելու է պատերազմի, և ինքն իբր խաղաղության խորհրդանիշն է։ Հիմա էլ է փորձում նույնն անել։ Բայց եթե մենք համեմատում ենք 2021 թվականի ու այսօրվա իրողությունները, ակնհայտ է, որ մեծ փոփոխություն կա։ Մարդկանց աչքերը բացվել են, լայն զանգվածները հասկացել են, թե ովքեր են այս իշխանությունները, և, թե սրանց մնալու դեպքում ինչ է մեզ սպասում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտի պատկերն այսօր փոխվել է, բազմաթիվ նոր ուժեր կան, եղած ուժերն ավելի են ամրապնդվել։ Պետք է մտածել մեխանիզմներ՝ կանխելու այն ամենը, ինչը պատրաստվում է անել Նիկոլ Փաշինյանը և նրա խմբակը։ Ընտրություններին պետք է պատրաստվել այսօրվանից։ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է լիարժեք և ամբողջությամբ համագործակցեն, անկախ նրանից՝ ի՞նչ տարաձայնություններ ունեն իրար հետ։ Իշխանության ռեպրեսիաներին, բռնություններին, կեղծիքներին պիտի կարողանանք արդյունավետ դիմադրություն ցույց տալ և կանխել դրանք»,- ասաց քաղաքական գործիչը։

«Պետք է ոչնչացնել այն կեղծիքները, որոնք Փաշինյանը փորձում է փաթաթել հասարակության վզին, այն է՝ կապիտուլյացիայի և հերթական զիջման օրակարգերը, որոնք նա փորձում է ներկայացնել իբրև խաղաղության դարաշրջան։ Վերջին շրջանի բոլոր սոցիոլոգիական հարցումներով՝ հասարակության առնվազն 65 %-ն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը և բերել խաղաղություն։ Խաղաղության թեզը նա չի կարողացել ամբողջությամբ վաճառել ժողովրդի վրա։ Փաշինյանը հասկանում է, որ այս սուտն այս անգամ գուցե չկարողանա անցկացնել»,- նշեց Սաղաթելյանը։

Կարդացեք նաև

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ Փաշինյանն իր իշխանության յոթ տարիների ընթացքում որևէ ռազմավարական ենթակառուցվածք չի կառուցել, և այսօր Հայաստանում ասֆալտ են անում պետական պարտքի հաշվին. «Մենք պետք է կարողանանք բռնել Փաշինյանի ձեռքը։ Եկեղեցու պաշտպանության, քաղբանտարկյալներին միասնական ճակատով պաշտպանելու, հավանական ռեպրեսիաներին դիմագրավելու, նախընտրական, հետընտրական և բուն ընտրական փուլերում կեղծիքները բացառելու հարցերում ընդդիմությունը լիարժեքորեն պետք է համագործակցի։ Այս ամենը պետք է բխի գլխավոր նպատակից, այն է՝ ամեն ինչ անել այս չարիքի իշխանության վերարտադրությունը թույլ չտալու համար»:

«Փաշինյանը հանրության աջակցությունն այլևս չունի, նա փողոցը կորցրել է։ Նրա միակ հենարանն ուժային կառույցներն են և օլիգարխիկ խմբերը։ Դրանք մեր հասարակության մեջ շատ փոքր մաս են կազմում։ Նախ մենք պետք է այնպես անենք, որ ժողովուրդը մասնակցի ընտրությանը՝ մերժելով իշխանությանը, և ապա՝ ժողովրդի քվեն պաշտպանենք։ Փաշինյանը Գյումրիում պարտվել է, որովհետև իրենց նախատեսածից շատ մարդ է եկել քվեարկության։ Հետևաբար, նա ամեն ինչ անելու է, որ հասարակությունը զզվի քաղաքականությունից՝ բոլոր ուժերից առհասարակ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս