«Միլիցապետ Վովան էր ըտենց ասել, որ բողոքենք՝ կբռնեն, քրեական գործ կսարքեն»
Ինչպես հայտի է` օրեր առաջ արմավիրցիները տեղեկացրել էին, որ մայիսի 28-ին նրանք դուրս են գալու փողոց, հայտարարելու են նստացույց և փակելու են Սերժ Սարգսյանի ճանապարհը՝ ի նշան բողոքի: Խոստացված ակցիան, սակայն, չկայացավ, քանի որ ոստիկանները մինչ այդ հավաքել էին գյուղերի ակտիվ երիտասարդներին, տարել ոստիկանություն և մի քանի ժամ շարունակ «բացատրական աշխատանք» տարել նրանց հետ, որ չի կարելի: Այս մասին galatv.am-ին փոխանցել են Արմավիրի մարզի Շենավան համայնքի բնակիչները: Այս գյուղը կարկուտի հետևանքով 100 տոկոսով տուժած գյուղերից մեկն է:
«Էսօր իմաստ չուներ, քանի որ նախապես ասել էին, որ ցանկացած արարք կդիտվի որպես քրեական հանցագործություն: Միլիցապետ Վովան էր ըտենց ասել: Մեզ ոչ մեկիս էլ պետք չէ, որ քրեական հանցագործ սարքեն գլխներիս, որ քաղաքական չգիտեմ ինչ աստառներ տան, մեր պահանջը ընդամենը մեր ընտանիքների հացի խնդիրը լուծելն է: Ու ասեմ՝ մեր պահանջը շարունակվելու է, ուղղակի էսօր ժամանակավոր դադար ենք տվել, քանի որ իմաստ չուներ էսօրվա շարժը»,- փոխանցեցել են գյուղացիները: Նրանք նաև վստահեցրել են, որ Արմավիրի մարզում ոստիկանական զորք են լցրել, որ հանկարծ չփորձեն գյուղացիները ցույցի դուրս գալ:
«Որ բերման ենթարկել ասեմ` բերման ենթարկել չէ, ասեմ՝ տարել են ու փակագծերը բացած՝ բացատրել են, որ այդ օրը չէ: Այսօր էլ ամբողջ ոստիկանությունով, «օմոն»-ով լցված են, ցանկացած շարժ՝ անմիջապես տեղում հարցերը կլուծեն, կտանեն, քրեական հանցագործ կսարքեն իզուր տեղը, մեզ դա պետք չէ: Բացի էդ, գիտենք, որ գյուղ չկա՝ շուն չլինի, բոլոր տեղեկությունները, ամեն մի շարժ տեղյակ են պահելու»,-ասել է Շենավանի բնակիչ Բարունակ Ղուկասյանը:
«Փոխհատուցում ենք պահանջում: Իրանք բացատրում են, որ մենք չունենք պայմանագիր՝ փոխհատուցում տալու, մեզ ասում են՝ օգնություն, թե հիմա ի՞նչ օգնություն է: Երեկ բերել էին մի երկու հատ սերմեր –բաներ, պոմիդորի սերմ են տալիս, չգիտեմ` կծլի՞, թե՞ չի ծլի: Էդ պոմիդորը որ ցանենք, դեկտեմբերին նոր պտի քաղենք, ինչ- որ փողեր են դուրս գրում, սերմեր են դուրս բերում, տեղեկություն կա, որ թանկ գներով էլ հենց մարաքաղաքից գնում են: Բերում-տալիս են մեզ, որ չբողոքենք: Բայց մեր պայքարը շարունակվելու է»,-եզրափակել է Բարունակ Ղուկասյանը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի