«Արմավիայի» պատճառով զբոսաշրջությունն անկում է ապրում
«Արմավիա» ավիաընկերության սնանկության կամ «խաղերի» պատճառով Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը բավականին նվազել է: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի տուրիզմի ընկերակցության նախագահ Արթուր Ոսկանյանը: Ըստ նրա՝ ներկայումս չկա զբոսաշրջիկների այն հոսքը, որ սպասվում էր այս սեզոնին, մինչդեռ զբոսաշրջային ոլորտի ընկերություններն այս տարի ավելի մեծ ջանքեր էին գործադրել, կապը արտերկրյա գործընկերների հետ ավելի աշխույժ էր:
Ա.Ոսկանյանի խոսքով՝ դրական միտում կա բժշկական զբոսաշրջության առումով. այստեղ նախկինում գրանցված աճը շարունակվում է, մարդիկ զբոսաշրջային ուղեգրերով գալիս են Հայաստան՝ կոսմետիկ վիրահատություններ իրականացնելու համար, սակայն այս ճյուղը դեռևս անհատական մակարդակի վրա է մնում:
Ընկերակցության նախագահը գոհունակությամբ նշեց, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը (EDMC) մարդկային ռեսուրսների հետ կապված ծրագիր է իրականացնում, վերապատրաստում է գիդերի, հյուրանոցների աշխատակիցների և այլն: Այս ծրագրի իրականացումն առավել կարևորվում է, քանի որ նոր բացված հյուրանոցներում կադրերի պակաս է զգացվում: Իսկ հյուրանոցային խոշոր բրենդերի (ինչպիսին է «Կամպինսկին»)՝ ՀՀ գալուց հետո այդ պակասն ավելի սուր կզգացվի:
Որոշակի մրցակցություն է առաջացել ուղևորափոխադրումների ոլորտում, և զբոսաշրջիկներին ծառայություններ մատուցող տարնսպորտային ընկերությունները ներկայումr նվազագույն գնով են աշխատում։ Ավելի մեծ գնանկում չի արձանագրվում վառելիքի գնի շնորհիվ: