Ինչո՞ւ է Ադրբեջանը Ստեփանակերտի «Եղբայրական» գերեզմանոցը պատել ցուցանակներով, ի՞նչ է կատարվում ներսում. Հովիկ Ավանեսով
Ադրբեջանը շարունակում է մեկը մյուսի հետևից ոչնչացնել օկուպացված Արցախի մշակութային հուշարձանները, եկեղեցիները, գերեզմանոցները։
Օրերս monumentwatch-ը հրապարակել էր, որ Արցախի Մարտունի քաղաքի կենտրոնում գտնվող Սբ. Ներսես Մեծ եկեղեցին վերջին երկու տարիներին կրել է վնասներ՝ ջարդված են պատուհանները, կան կրակահերթի հետքեր։
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, կովկասագետ Հովիկ Ավանեսովի խոսքով՝ դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ է եկեղեցու մերձակայքը բավականին տուժել։ Դրա մասին վկայում են ադրբեջանական սոցիալական կայքերում հրապարակված նյութերն ու տեսանյութերը, երբ Ադրբեջանը սկսել էր ռմբակոծել Մարտունի քաղաքը, եկեղեցին հայտնվել էր նրանց թիրախում՝ թիրախավորումը եղել էր դիտավորյալ։
«Կարող ենք հստակ ասել, որ այստեղ էլ նույն ձեռագիրն էր գործում, ինչ եղավ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու պարագայում։ Ուղղակի, եթե Շուշիի եկեղեցու գմբեթը վնասվեց և մի քանի հատվածներով թիրախավորվեց, Մարտունու եկեղեցու պարագայում այլ էր։ Եկեղեցին թիրախավորելու ժամանակ շրջակայքն էին ռմբակոծում և բեկորներն էին հասնում եկեղեցուն։
Առհասարակ քրիստոնեական մշակութային ժառանգության թիրախավորումն ադրբեջանական կողմից նոր չէ։ Այս նույն ձեռնագրին մենք ականատես ենք եղել նաև Խորհրդային Միության տարիներին, երբ 1960-ականներին Շուշիի եկեղեցիները քանդեցին, փոխարենը կառուցեցին այլ շինություններ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հովիկ Ավանեսովը։
Մեր զրուցակցի տվյալներով, 2020 թվականի պատերազմից հետո մինչ օրս Արցախում հիմնովին ոչնչացվել է 6 եկեղեցի։ Դրանց մեջ կան եկեղեցիներ, որոնք թվագրվում են 19-րդ դարին, կան եկեղեցիներ, որոնք կառուցվել են 1990-ականներից հետո։ Այսինքն՝ Ադրբեջանը ոչնչացնում է եկեղեցիները՝ առանց դրանց կառուցման թվականը հաշվի առնելու։
Այս համատեքստում Հովիկ Ավանեսովը կրկին մտահագություն հայտնեց Ստեփանակերտի «Եղբայրական» գերեզմանոցի վերաբերյալ՝ շեշտելով՝ գերեզմանոցի ճակատագիրն անհայտ է, չգիտեն՝ Ադրբեջանն ինչ է անելու դրա հետ։
«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Ադրբեջանը Ստեփանակերտի «Եղբայրական» գերեզմանոցը պատել ցուցանակներով, ի՞նչ է կատարվում ներսում։ Այնտեղ կա Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան, Զանգակատուն, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, Սումգայիթի զոհերին նվիրված հուշաքար, և այլն։ Այնտեղ հուղարկավորություններ եղել են նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած պատերազմի ընթացքում։ Դեռ պարզ չէ Ադրբեջանի նպատակը, չենք կարողանում նույնականացնել ցուցանակների վրա եղած նկարները, սակայն, դատելով Ադրբեջանի քաղաքականությունից, կարող ենք ասել, որ «Եղբայրական» գերեզմանոցը գտնվում է ոչնչացման վտանգի տակ»,- հավելեց Հովիկ Ավանեսովը։
Նրա փոխանցմամբ, օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից արդեն իսկ արձանագրվել է 800-ից ավելի վանդալիզմի դեպք, ոչնչացնում են հայկական հուշարձանները, դրանց փոխարեն կառուցում են նոր շինություններ՝ հայկականի հետքը վերացնելու համար։
Ադրբեջանը հատուկ օրերի վանդալիզմի է ենթարկում նաև Արցախի պետական շենք-շինությունները, օրինակ, սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, վանդալիզմի էր ենթարկել ԱԺ, Արտգործնախարարության շենքերը։
Նա հիշեցրեց, ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կառավարությունը ժամանակին վերականգնել էր ադրբեջանական մզկիթներ՝ փրկելով ոչնչացումից՝ Իրանի փորձագետների ներգրավմամբ։ Մինչդեռ նույն այս մզկիթները 2020 թվականին թիրախավորվել էին ադրբեջանական կողմից։
«Մենք գործ ունենք քաղաքակրթության թշնամու հետ՝ ի դեմս Ադրբեջանի։ Ինչ վերաբերում է Գանձասարին ու Դադիվանքին, ապա դրանց վերաբերյալ միայն ունենք այն տեղեկատվությունը, որ Ադրբեջանը հայկական այս եկեղեցիները կոչում է աղվանական։ Ադրբեջանական կայքերից մեկը տեսանյութ էր հրապարակել Գանձասարի Մատենադարանից, որտեղ մի քանի գրքեր էին մնացել, որոնց էջերը պատռել էին։
Ըստ տարբեր տեղեկությունների, Ադրբեջանը պատրաստվում է Գանձասարի տարածքում «վերականգնողական» աշխատանքներ իրականացնել։ Սա խոսում է այն մասին, որ այդ վանական համալիրները ևս ոչնչացվելու են»,- ընդգծեց Հովիկ Ավանեսովը։

