ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներն աշխատում են Իրանի միայն երկու միջուկային օբյեկտներում. Բաղայի
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) աշխատակիցները շարունակում են աշխատել և ստուգումներ իրականացնել Իրանի միայն երկու միջուկային օբյեկտներում։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Համապարփակ անվտանգության համաձայնագրին և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, և միևնույն ժամանակ մենք ունենք Իրանի խորհրդարանի կողմից ընդունված օրենք, որը հստակ սահմանում է գործողությունների ընթացքը:
Եթե գործակալությունն ունի որևէ լրացուցիչ խնդրանք, դրանց վերաբերյալ որոշումը պետք է կայացնի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը»,- նշել է Բաղային։
Նա նաև ավելացրել է, որ «որոշ ստուգումներ, որոնք առնչվում են Բուշերի ատոմակայանին, ինչպես նաև Թեհրանի հետազոտական ռեակտորին, որը կապված է երկրում ռադիոդեղագործական միջոցների արտադրության հետ, անհրաժեշտ են և պետք է իրականացվեն»։
«Իմ տեղեկությունների համաձայն՝ այս երկու վայրերում ստուգումների գործընթացը դեռևս շարունակվում է»,- նշել է նա։

