Փողը փախչում է Հայաստանից. օտարերկրյա ուղղակի ներդրումներ, կարելի է ասել, չկան. Վարդան Արամյան

Այս օրերին Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում քննարկվում է 2026 թվականի բյուջեի նախագիծը։

Կառավարությունը, ըստ այս բյուջեի նախագծի, կանխատեսել է 2026 թվականին հավաքագրել 3 տրլն 91 մլրդ դրամ, որի հիմնական մասը կգոյանա հարկերից։

Պլանավորվել է ծախսել մոտ 3 տրլն 629 մլրդ դրամ։

2026 թվականին ծախսերը 537.5 մլրդ դրամով կգերազանցեն եկամուտները։

Կարդացեք նաև

Բյուջեի դեֆիցիտը կփակվի նոր պետական պարտքեր ներգրավելով։

Ինչպես և նախորդ տարիներին, այնպես էլ 2026-ին բյուջեի ծախսերի ամենամեծ հատվածը՝ 27.4%-ը, կուղղվի սոցիալական ոլորտի պաշտպանությանը. գումարը կկազմի մոտ 993 մլրդ դրամ։

2026թ. համար Պաշտպանության նախարարությանն ուղղվող գումարները կկրճատվեն մոտ 102 մլրդ դրամով կամ 15.2%-ով։

1 միլիարդ դոլար էլ  2026 թվականի ընթացքում Կառավարությունը կուղղի պետական պարտքի սպասարկմանը, իսկ 2026 թվականին պետական պարտքը կշարունակի աճել։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանը, խոսելով 2026թ. բյուջեի մասին, այն որակեց պահպանողական։

«2026 թվականի բյուջեն պահպանողական է՝ պայմանավորված նախորդ տարիներից աճող բյուջեի պակասուրդի և պետական պարտքի ճշգրտման անհրաժեշտությամբ ։ 2022 թվականից առ այսօր մեր պարտք/ՀՆԱ ցուցանիշը վատթարացող է

Նրա խոսքով՝ պաշտպանական ծախսերը կրճատելով՝ Կառավարությունը կրճատում է կապիտալ ծախսերը՝ զուգահեռ ավելացնելով ընթացիկ ծախսերը՝ շուրջ 220 միլիարդով։

Դրանից զատ, այս Կառավարությունն ընկել է իր իսկ լարած թակարդը, որը հետևանք է իր իշխանության սկզբնական տարիների ամբոխահաճո քաղաքականության կուրսի… այդպիսի թակարդներից մեկը եկամտահարկի վերադարձն է, որի վերաբերյալ ես դեռ 2018 թվականին էի ասում՝ ծրագիրը պետք է դադարեցվի։ Չարեցին կամ արեցին զգալի ուշացած, ավելին՝ այս տարիների ընթացքում այդ ծրագրից օգտվեցին ոչ թե ցածր եկամուտներ ունեցողները, այլ՝ ունևոր խավը։ Ես դա պնդում էի, երբ բյուջեից հետ էր տրվում 8 միլիարդ դրամ, իսկ այսօր արդեն 102 միլիարդ է հետ վերադարձվում»,- ասաց Արամյանը։

Թակարդներից մյուսը, ըստ Արամյանի, կուտակային կենսաթոշակների գծով պետական մասնաբաժնի ավելացումն էր 2018թ-ին, որի պատճառով ավելի երկարաձգվեց այս համակարգում բյուջեի մասնակցության աստիճանական նվազումը։

«Թակարդներից հաջորդը օտարերկրյա ուղղակի ներդրումներին վանող կառավարության քաղաքականությունէ. փողը փախնում է Հայաստանից, օտարերկրյա ուղղակի ներդրումներն ընդամենը 5 միլիարդ դրամ են կազմում՝ 6 ամսվա կտրվածքով։ Կարելի է ասել՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներ չկան, իսկ արդյունաբերության ոլորտն ընդհանրապես խռխռոցի մեջ է»,- շեշտեց Վարդան Արամյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս