Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ մամոգրաֆիական հետազոտությունների սկանդալի առիթով
Իսպանիայի հարավային Սևիլիա քաղաքում կիրակի օրը բողոքի ցույցեր են տեղի ունեցել, քանի որ հասարակական վրդովմունքն աճում է այն սխալների պատճառով, որոնք հանգեցրել են նրան, որ հարյուրավոր կանայք չեն ստացել կրծքագեղձի քաղցկեղի հետազոտությունների արդյունքները, հայտնում է AFP-ն։
Հարավային Անդալուսիայի պահպանողական կառավարությունը հայտարարել է, որ սկանդալն անդրադարձել է առնվազն 2300 կանանց, որոնք վերջին տարիներին մամոգրաֆիա են անցել պետական հիվանդանոցներում։
Բոլոր թեստերը խնդիրներ են հայտնաբերել կամ անորոշ են եղել և պահանջել են հետագա հետազոտություն, ուստի հիվանդներին տեղեկացնելու անկարողությունը նշանակել է, որ քաղցկեղի հնարավոր դեպքերը մնացել են աննկատ։ Տարածաշրջանային իշխանությունները դեռևս հստակ բացատրություններ չեն տվել տեղի ունեցածի վերաբերյալ, սակայն հայտարարել են, որ նախատեսում են ավելացնել մամոգրաֆիայի բաժանմունքների աշխատակազմը. քայլ, որը շատ հիվանդներ և ակտիվիստներ բավարար չեն համարել։
Այս ամսվա սկզբին Անդալուսիայի մի քանի քաղաքներում կանանց կողմից կազմակերպված բողոքի ցույցեր բռնկվեցին, որոնք, ըստ տեղական լրատվամիջոցների, հավաքել էին հազարավոր մարդկանց։ Իսպանիայի ապակենտրոնացված քաղաքական համակարգում առողջապահության համար պատասխանատու են մարզերը։ Սակայն սկանդալը նաև լարվածություն է առաջացրել Մադրիդի ձախ կենտրոնական կառավարության և աջակողմյան տարածաշրջանային իշխանությունների միջև։
AMAMA-ի՝ կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանանց սևիլիական ասոցիացիայի կոչին ի պատասխան՝ ցուցարարները կիրակի օրը հավաքվել էին Սան Տելմո պալատի՝ կառավարության տարածաշրջանային նստավայրի դիմաց։
«Ոչ մոռացությանը, ոչ ներմանը, Բոնիլյա, հրաժարական տուր»,- վանկարկում էր ամբոխը՝ կոչ անելով Անդալուսիայի ղեկավար Խուան Մանուել Մորենո Բոնիլյային հրաժարական տալ։
Նա քննադատության է ենթարկվել ճգնաժամը չկառավարելու համար, ինչը հանգեցրել է այս ամսվա սկզբին առողջապահության նախարարի հրաժարականին։

