
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան տարածքային զիջումների չի գնալու

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կտրականապես դեմ է Ռուսաստանին որևէ տարածքային զիջման։ Այս մասին նա խոսել է Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի գագաթնաժողովից առաջ։
«Ոչ մի տարածքային զիջում»,- ասել է նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Զելենսկին կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում հրադադարը հնարավոր է, բայց, ըստ նրա, Ռուսաստանի վրա անհրաժեշտ է ավելի մեծ ճնշում գործադրել։
«Հրադադարը հնարավոր է։ Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է հրադադար։ Սակայն Ռուսաստանի վրա ավելի մեծ ճնշում է անհրաժեշտ։ Մենք պատրաստ ենք հրադադարի շուրջ բանակցությունների։ Մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափի։ Սակայն բանակցությունների բովանդակությունը կարևոր է։ Մեզ անհրաժեշտ է արդար և երկարատև խաղաղություն»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին արձագանքել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցներին։ Նա նշել է, որ սա կարևոր ազդանշան է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ աշխարհի մյուս երկրներին։ Ուկրաինայի նախագահն ընդգծել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը «հենց այն է, ինչին մենք սպասում էինք»։
«Աստծո կամքով, այն կաշխատի», – հույս էր հայտնել Ուկրաինայի նախագահը։