Թուրքական ռազմական մոտորանավակը 7 ժամ գտնվել է Հունաստանի տարածքային ջրերում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական ATAK հրթիռակիր մոտորանավակը երեկ ներխուժել է Հունաստանի տարածքային ջրեր (Էգեյան ծով): Այս մասին հայտարարել է Հունաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբը:

Վերջինիս հաղորդմամբ՝ թուրքական մոտորանավակը Հունաստանի ջրեր է մուտք գործել ժամը 07.00-ին՝ Միկոնոս և Նակսոս կղզիների միջև ընկած հատվածում: Դրանից հետո թուրքական մոտորանավակն անցել է Սիֆնոս և Սերիֆոս կղզիների մոտով, մոտեցել է Կեաս և Կինտոս կղզիներին, իսկ ժամը 14.25-ին լքել է Հունաստանի տարածքային ջրերը՝ Էվբեա և Անդրոս կղզիների մոտ:

Դրանով իսկ թուրքական մոտորանավակը շրջանցել է հունական 8 կղզու: Հունաստանի Գլխավոր շտաբը հայտնել է, որ թուրքական ռազմանավին ուղեկցել են ռազմածովային ուժերի մի նավ և ռազմաօդային ուժերի մի ինքնաթիռ:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին էլ Հունաստանի Գլխավոր շտաբը հայտնել էր, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի 4 ինքնաթիռ ներխուժել է Հունաստանի օդային տիրույթ և այնտեղ  գտնվել է 40 րոպե:

Տեսանյութեր

Լրահոս