
Հարավային Կորեան ձգտում է զենքի արտահանման ծավալներով դառնալ չորրորդն աշխարհում. Լի Չժե Մյոն

Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնը հայտարարել է, որ իր երկիրը չի հրաժարվել սպառազինությունների համաշխարհային շուկայում չորրորդ խոշորագույն խաղացողը դառնալու իր ձգտումներից:
«Ռազմաարդյունաբերական համալիրում չորրորդ պետությունը դառնալն ամենևին անիրականանալի երազանք չէ», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Լի Չժե Մյոնը Կոյանում ADEX 2025 ռազմական ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողության ժամանակ:
«Սա [իրատեսական է] նախորդ կառավարությունների՝ ռազմաարդյունաբերական հատվածի և օդատիեզերական ճյուղի զարգացմանն ուղղված աշխատանքի շնորհիվ, որի ընթացքում պաշտպանական նշանակության պատվերներն առաջին անգամ գերազանցեցին 10 միլիարդ դոլարը, իսկ Կորեայի Հանրապետությունը դարձավ աշխարհում հինգերորդ ռազմական տերությունը», – պարզաբանել է նախագահը:
Պետության նախկին ղեկավար Յուն Սոկ Յոլը դեռ 2022 թ. աշնանն է հայտարարել, որ կցանկանար մինչև 2027 թ. երկիրը դարձնել աշխարհում չորրորդ զենք արտահանողը և զբաղեցնել պաշտպանական նշանակության համաշխարհային շուկայի 5%-ը:
«Մեր կառավարությունն այս ամուր հիմքի վրա չորրորդ տեղը կբարձրանա ռազմաարդյունաբերական և օդատիեզերական տերությունների շարքում՝ համարձակ ներդրումների և պետական օգնության միջոցով»,- ինչպես հայտնում են նախագահի գրասենյակից, ասել է Լի Չժե Մյոնը։