«Սահմանադրությամբ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին». Ալվինա Գյուլումյան

Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց վեհափառի դեմ գրոհը կարծես մտնում է գործնական փուլ։ Այն, ինչին այսօրվա իշխանություններին չհաջողվեց հասնել 2018 թվականին, երբ «Նոր Հայաստան, նոր հայրապետ շարժում» էին սկսել և փորձում էին Վեհափառին հեռացնել Վեհարանից, փորձում են կյանքի կոչել այսօր։

Երեկ իշխանական կայքերից մեկով ձայնագրություն հրապարակվեց, որտեղ կարգալույծ եղած Աղան աբեղա Երջնկյանը Նաթան Սրբազանին ասում էր, թե «Վեհափառը պարտադրում է իրեն՝ ընտանիքի անդամների հետ մասնակցել «մեղքի խորհրդանիշ» Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիաներին»։

Այս ձայնագրության հրապարակումից ժամեր անց հայտնի դարձավ, որ  իշխանական լրատվամիջոցում հրապարակված ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Նիկոլ Փաշինյանն անցնող հինգշաբթի Կառավարության հերթական նիստից  հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էր նաև եկեղեցու դեմ սկսված այս գործընթացներին՝ շեշտելով, թե Առաքելական եկեղեցու պատմության մեջ եղել են մի շարք դեպքեր, երբ, օրինակ, կաթողիկոսը պաշտոնանկ է արվել, հրաժարական է տվել ու գնացել։

Կարդացեք նաև

«Ի՞նչ է եղել դրա արդյունքում, եկեղեցին փլուզվե՞լ է՝ ոչ։ Էլ չեմ խոսում այն մասին, որ Հայաստանում եպիսկոպոս է դատապարտվել ու տարիներ է անցկացրել բանտում։ Ես իմ լրագրողական տարիներից եմ դա հիշում, բայց հասկանում եմ, որ մեր իրականության մեջ այդ հիշողությունը չկա»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։

Մայիս ամսից սկսած՝ Նիկոլ Փաշինյանը հնարավոր տարբեր հարթակներում խոսում է Վեհափառին հեռացնելու մասին՝ զուգահեռ Վեհափառին վատաբանող տեքստեր հրապարակում։

ՀՀ Սահմանադրական և ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանների նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի խոսքով՝ աշխարհիկ իշխանությունն իրավունք չունի միջամտելու Առաքելական եկեղեցու ներքին կյանքին։

«Եկեղեցին պետությունից անջատ է, Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի միջամտելու եկեղեցու գործերին, մեր Սահմանադրությունն է այդպես սահմանում։ Եթե նա արդեն դիմում է գործնական քայլերի, ես ի՞նչ կարող եմ ասել, կրկնում եմ՝ Սահմանադրությամբ նա նման իրավունք չունի»,- 168.amի հետ զրույցում նշեց Ալվինա Գյուլումյանը։

Նշենք, որ ՀՀ սահմանադրության 18-րդ հոդվածը սահմանում է, որ  «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»:

Հիշեցնենք, որ այս պահին կալանքի տակ են գտնվում Առաքելական եկեղեցու 3 թեմերի՝ Արագածոտնի, Շիրակի և Տավուշի հոգևոր առաջնորդները և մեկ քահանա։

Նշենք, որ հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան Քննչական կոմիտեն, ԱԱԾ աշխատակիցների հետ միասին, խուզարկություններ էր իրականացնում Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, նաև  Արագածոտնի թեմի առաջնորդարանում։

Խուզարկությունից հետո բերման էին ենթարկել թեմի առաջնորդին, որի գտնվելու վայրի վերաբերյալ փաստաբանները ժամեր շարունակ տեղեկություն չունեին: Բերման էին ենթարկել նաև թեմի 13 քահանաների։

Այս պահին թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորված է։ Սրբազանին դատարանը մեղադրում է նախկին քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Նշենք նաև, որ այս գործողություններն իրականացվել են Հովհանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարության հիմքով հարուցված վարույթի շրջանակներում։ Տեր Արամը հայտարարել էր, որ 2021 թվականին իրեն ստիպել էին մասնակցել քաղաքական հավաքների։

Հաղորդումը Դատախազություն էր ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը։

Հոկտեմբերի 16-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Արագածոտնի թեմի առաջնորդարանի 60-ամյա հաշվապահի նկատմամբ դատարանը կիրառել է տնային կալանք։

Տեսանյութեր

Լրահոս