
ՌԴ ԱԳՆ-ում պատմել են Պուտինի և Թրամփի միջև Հունգարիայում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, մեկնաբանելով Հունգարիայում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, հայտարարել է, որ դեռևս վաղ է կապ հաստատել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Լեհաստանը, Բուլղարիան կամ Ռումինիան, նրանց օդային տարածքով ռուսական կառավարական ինքնաթիռների թռիչքի հնարավորության վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Դեռ վաղ է», – ասել է նա գործակալությանը՝ Russia Today հեռուստաալիքի 20-ամյակի տոնակատարության շրջանակներում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Արտաքին գործերի նախարարությունը որևէ շփում է ունեցել այդ երկրների հետ այս թեմայով, թե ոչ։
ՆԱՏՕ-ի նշված պետությունները բաժանում են Ռուսաստանը և Հունգարիան։ Ռումինիան ուղղակիորեն սահմանակցում է Հունգարիային, Բուլղարիան՝ Սերբիային, որը սահման ունի Հունգարիայի հետ։ Լեհաստանը, իսկ դրանից հետո՝ Սլովակիան, գտնվում են Հունգարիայի և ՌԴ Կալինինգրադի մարզի, ինչպես նաև Բելառուսի միջև։
Հոկտեմբերի 16-ի երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփն անցկացրել են տարեսկզբից ութերորդ հեռախոսազրույցը։ 2.5 ժամ տևած զրույցի արդյունքներով Ռուսաստանի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Մոսկվան և Վաշինգտոնն առանց հապաղելու կսկսեն նախապատրաստել երկու երկրների ղեկավարների նոր հանդիպումը, որը կարող է տեղի ունենալ Բուդապեշտում։ Ուշակովի խոսքով՝ Հունգարիայի մայրաքաղաքն առաջարկել է ամերիկացի ղեկավարը, իսկ Ռուսաստանի նախագահն աջակցել է գաղափարին։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ հրամայել է ստեղծել կազմակերպչական կոմիտե՝ Բուդապեշտի գագաթնաժողովը նախապատրաստելու համար: Նա ասել է, որ այս աշխատանքը սկսվել է հինգշաբթի երեկոյան: