ԻՄ ԱՅԴ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔԻ ԴԱՍ ԴԱՐՁԱՎ ԻՆՁ ՀԱՄԱՐ. ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

168TV-ի «Կապիտալի ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրն է Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանը։

Հարցազրույցի ընթացքում Վարդան Արամյանի հնչեցրած կարևոր թեզերը՝ ստորև.

  • Ես մարդ եմ, որն ապրում է սկզբունքներով, որոնք արժեքներ են ինձ համար. դրանք են՝ հայրենիքը, ընտանիքը, կրթված սերունդը։
  • Ես ապրել ու ապրում եմ Հայաստանն աշխարհի գերհզոր երկրների շարքում տեսնելու երազանքով։
  • Գիտե՛ք, այս հարցում երկրի չափերը կարևոր չեն։ 
  • Իմ բնավորության գծերն ինձ մոտ սերմանվել են իմ պապիկներից, որոնք Արծվաշենից էին ու պնդում էին՝ անկախ նրանից, որ մենք փոքր ենք, թուրքերը պետք է մեզ հետ հաշվի նստեն։
  • Իմ վրա մեծ ազդեցություն է թողել հայրս, որը պետականամետ մտածելակերպ ուներ։ Մեծ է նաև Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թողած ազդեցությունը. նա Կենտրոնական բանկում եղել է իմ ղեկավարը։ Նա չէր վախենում մարտահրավերներից և իր ենթականերին սովորեցնում էր միշտ գնալ առաջ և անել բարեփոխումներ։

Կարդացեք նաև

  • Վախկոտ մարդը երբեք չի կարող բարեփոխում անել։
  • Ներկայիս Վարդան Արամյանի անցած ուղու, հաջողության պատմության հետևում իմ մի մոտեցումն է՝ եթե մի բան ես անում՝ կա՛մ պետք է անես լավագույնը, կա՛մ չանես. Այդպիսին եմ եղել դեռ դպրոցական տարիքից:
  • Փոքր տարիքում ըմբշամարտով էի զբաղվում։ Հիշում եմ՝ մի անգամ պարտվեցի մի մարզիկի, որին անգամ ճկույթով կարողանում էի գետնին տապալել։ Իմ այդ պարտությունը կյանքում ինձ դաս եղավ։ Հիշում եմ՝ հուզվել էի, մարզիչս ասաց՝ սա թող լինի քեզ համար կյանքի դաս, որ իմանաս՝ եթե մտել ես մրցադաշտ, միշտ պետք է մտածես հաղթելու մասին, չթերագնահատես մրցակցիդ, թե նա թույլ է:
  • Վախենում եմ մրցունակ չլինելուց։ Իմ նպատակն է միշտ լինել մրցունակ՝ անընդհատ կրթվելով։ Հայրական պապիկս ինձ միշտ ասում էր՝ այն, ինչ քո գլխի մեջ է, միայն քեզ է պատկանում, մնացած ամեն ինչ կարող են խլել քեզանից։ Պապիկս նաև ասում էր՝ «Ես միշտ Աստծուց խնդրել եմ մի պարկ խելք, մի մատնոց բախտ»։

  • Ես երբեք չեմ գնում բախտի հետևից. հայրս ասում է՝ երբ գնաս գիտելիքի հետևից, բախտը կգա քո հետևից։
  • Հայրս միշտ եղել է բարձրաստիճան պաշտոնյա, բայց ես իմ առաջին գումարը վաստակել եմ 14 տարեկանից. ընկերոջս հետ ծաղիկներ էինք վաճառում։

Վերջում ներկայացնում ենք Վարդան Արամյանի հարցը՝ հաղորդաշարի հաջորդ հյուրին.

«Ըստ Ձեզ, Հայաստանում բիզնես գործունեություն իրականացնողների տեսլականն ինչպիսի՞ն պետք է լինի՝ գլոբա՞լ, թե՞ տեղային: Ինչպիսի՞ն պետք է լինի բիզնեսմենի երազանքը»։

Հաղորդաշարի նախորդ թողարկումը՝ այստեղ.

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս