
Զինվորականներից շատերը շատ անկեղծ ներկայացրել են 44-օրյայի ժամանակ ստեղծված և՛ ռազմաքաղաքական իրավիճակը, և՛ պետական կառավարման, և՛ զինված ուժերի հետ կապված բոլոր թերությունները. Գեղամ Մանուկյան

Օրերս հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմին առնչվող Քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվելու է ԱԺ առաջին բաժին, և գաղտնի տեղեկություններին հասանելիության թույլտվություն ունեցող պատգամավորները կարող են ծանոթանալ դրան:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն առաջինն է, ով արդեն հասցրել է ծանոթանալ ծավալուն զեկույցին:
2024 թվականի փետրվարին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր.
«Ինձ տրամադրված կարճաժամկետ մեկնման ընթացքի հանդեպ Փաշինյանի սևեռուն ուշադրությունը, համոզված եմ, կապված էր իմ՝ ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստերում արտահայտված մտքերի և դիրքորոշումների հետ: Հիմնական «մտահոգիչ» պատասխանները հանրային չեն եղել, և դրանց չհրապարակելը բխում է բացառապես ՀՀ անվտանգության ապահովման և ազգային շահերից և պայմանավորված չէ վարչապետի կերպարին չվնասելու «մտավախությամբ»»:
Ավելին, Քննիչ հանձնաժողովում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարցաքննությունից հետո իշխանությունները, Անդրանիկ Քոչարյանը հրապարակավ փորձում էին ցույց տալ, որ Շուշիի հետ կապված Օնիկ Գասպարյանի և Նիկոլ Փաշինյանի՝ հանձնաժողովում ասածների միջև հակասություններ չկան, սակայն Գեղամ Մանուկյանի ենթադրությունները դեռ 2023-ին այլ են եղել:
Մասնավորապես, 2023 թվականի հունիսին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանից հետաքրքրվել էինք՝ հետաքրքիր է՝ քննիչ հանձնաժողովում ինչ է ասել Օնիկ Գասպարյանը ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի և Շուշիի պաշտպանության կազմակերպման առնչությամբ, որը կա՛մ կարող է օգնել, կա՛մ վնասել ՊԲ նախկին հրամանատարին, ինչին ի պատասխան՝ նա ասել էր.
«Չեմ կարող ասել: Մյուս կողմից, դատելով իշխանականների քչախոսությունից, որոշ դեպքերում՝ մանիպուլյացիաներից, ենթադրում եմ, որ Օնիկ Գասպարյանի ներկայացրած փաստերն իշխանության սրտին այնքան էլ մոտ չեն եղել»:
Նշենք, որ կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը նրա «գրպանն էր» գցում Շուշիի անկումը, իսկ Անդրանիկ Քոչարյանն Օնիկ Գասպարյանին մեղադրում էր «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան մշակելու համար, որը ևս կապվում էր Շուշիի հետ:
Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով, արդեն զեկույցին ծանոթ Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք զեկույցի մեջ կայի՞ն մտահոգիչ հայտարարություններ, որոնք ասվել են ռազմական ղեկավարության կողմից, արդյոք պարզ դարձա՞վ՝ ինչո՞ւ ենք կորցրել Շուշին, թեև Միքայել Արզումանյանին չեն լսել հանձնաժողովում, «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլանի առնչությամբ ստացա՞վ հուզող հարցերի պատասխանները: Նաև հետաքրքրվեցինք՝
առհասարակ, Քննիչ հանձնաժողովի այս զեկույցը տալի՞ս է հարցի պատասխանը՝ ինչո՞ւ պարտվեցինք։ Մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ Գեղամ Մանուկյանն ասաց.
«Զեկույցի կառուցվածքն այնպիսին է, որ ամբողջական ծանոթանալով, դու չես կարող պատկերացում կազմել՝ այս կամ այն մտքի հեղինակը կոնկրետ ով է՝ քաղաքական ներկայացուցի՞չ է, արտգործնախարա՞րն է, թե՞ ԳՇ պետը կամ առանձին զինվորականներ: Բայց առնվազն այն, ինչ աչքովս ընկնում էր և հասկանալի էր, զինվորականներից շատերը, որոնք քննիչ հանձնաժողովում մանրամասն ներկայացրել են դեպքերը և իրադարձությունները, շատ անկեղծ ներկայացրել են ստեղծված և՛ ռազմաքաղաքական իրավիճակը, և՛ պետական կառավարման, և՛ զինված ուժերի հետ կապված բոլոր թերությունները: Երկրորդ հարցի հետ կապված կդժվարանամ ամբողջական եզրահանգում տալ, որովհետև առնվազն այդ դրվագով ամբողջական քննություն դժվար է իրականացնել:
Պատերազմի ամենավճռական պահերին՝ վերջին 10 օրերին, հատկապես Շուշիի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին «բանալի» դեմքերից մեկը եղել է ՊԲ երկրորդ հրամանատար Միքայել Արզումանյանը, որը չի կանչվել քննիչ հանձնաժողով, որին չեն լսել: Եվ, բնականաբար, հենց այդ պատճառով պատերազմական այս դրվագով, այդ օրերի դեպքերի հետ կապված՝ չէին կարող ունենալ ամբողջական եզրակացություն: Ինչ վերաբերում է 3-րդ հարցին, ես որևէ պատկերացում չկազմեցի՝ ինչու այս ելքը եղավ, որոնք էին այն պատճառները, որ հանգեցրեցին դրան: Իհարկե, հանձնաժողովի զեկույցի մեջ կետ առ կետ ներկայացվում են բազմաթիվ խնդիրներ, բայց, կրկնում եմ, իմ ամենամեծ տպավորությունը, որ ծանոթացա 215 էջի, ավելի շատ հարցեր, մեղադրանքներ առաջ եկան ՀՀ քաղաքական իշխանության և առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի կայացրած որոշումների՝ կադրային, ռազմավարական, ընդ որում, ոչ միայն պատերազմի օրերի հետ կապված, այլ դրանից առաջ կայացված որոշումների հետ կապված»:
Նշենք, որ Ապրիլյան պատերազմին առնչվող Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովի զեկույցում ևս ոչ մի խոսք չկա քառօրյա պատերազմի արդյունքների մասին, իսկ տեղ գտած ձևակերպումները հիմնավորված չեն:
Նման եզրակացության հանգել են ընդդիմադիր պատգամավորներ Տիգրան Աբրահամյանն ու Գեղամ Մանուկյանը, որոնք ժամանակին ծանոթացել են այդ զեկույցին: