
«Թրամփի ուղին» իրականացնելու համար ԱՄՆ–ից պատվիրակություն է եկել Հայաստան

Հայաստան են ժամանել ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության ներկայացուցիչները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը։ Պատվիրակությունը ՀՀ է եկել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված «Թրամփի ուղու» (TRIPP) վերաբերյալ փաստաթղթի իրագործման շրջանակում։
«ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության թիմը մինչև հոկտեմբերի 11-ը կաշխատի ՀՀ սահմանապահ ուժերի հետ՝ իրականացնելու կարողությունների գնահատում և բացահայտելու բարելավման կարիք ունեցող ուղղությունները՝ «Բացերի/հնարավորությունների վերլուծության գործընթացի» միջոցով»,– ասված է հաղորդագրությունում։
Ամերիկյան կողմը վստահ է, որ այս վերլուծական մեթոդաբանությունը կօգնի ամրապնդել սահմանների անվտանգությունը՝ հստակեցնելով ռազմավարական ներդրումներ պահանջող ուղղությունները։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել (99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ), որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն հողը ոչ թե 99 տարով վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։