Թրամփի աղմկահարույց «շրջադարձը»․ ի՞նչ կփոխվի Հարավային Կովկասում

Վերջին մի քանի օրերի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանության փոփոխությունն Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակի հարցում լայն քննարկումների առիթ է դարձել աշխարհում։

Սեպտեմբերի 3-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը փոխվեց Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Ուկրաինայի առաջնորդի հետ հանդիպումից հետո։ Թրամփը գրառում կատարեց Truth Social-ում, որում պնդում էր՝ Ուկրաինան ոչ միայն կկարողանա վերականգնել կորցրած տարածքները, այլև «նույնիսկ ավելի հեռու գնալ»։

«Ծանոթանալով և լիովին հասկանալով Ուկրաինայի և Ռուսաստանի ռազմական և տնտեսական իրավիճակը, ինչպես նաև տեսնելով Ռուսաստանում դրա առաջացրած տնտեսական խնդիրները, կարծում եմ, որ Ուկրաինան՝ Եվրամիության աջակցությամբ, ի վիճակի է պայքարել և վերադարձնել ամբողջ Ուկրաինան իր նախնական վիճակին։ Ժամանակի ընթացքում, Եվրոպայի և, մասնավորապես, ՆԱՏՕ-ի համբերատարության և ֆինանսական աջակցության շնորհիվ, այն նախնական սահմանների վերականգնումը, որոնցից սկսվել էր այս պատերազմը, լիովին հնարավոր է»,- մանրամասնել է Թրամփը։

Թրամփը Ռուսաստանի ներգրավվածությունն Ուկրաինայի հակամարտությանը անվանել է «աննպատակ» և նշել, որ Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է «սարսափելի վիճակում»։ «Ռուսաստանը երեքուկես տարի է, ինչ անիմաստ պատերազմ է մղում, պատերազմ, որն իրական ռազմական հզորությամբ երկրին հաղթելու համար կպահանջվեր մեկ շաբաթից էլ պակաս։ Սա Ռուսաստանին լավ իմիջ չի տալիս։ Իրականում, դա նրանց թղթե վագրի տեսք է հաղորդում»,- գրել է Թրամփը։

Կարդացեք նաև

Նա կարծում է, որ «Պուտինը և Ռուսաստանը բախվում են խոշոր տնտեսական մարտահրավերների, և հիմա ժամանակն է, որ Ուկրաինան գործի»։

«Մենք կշարունակենք զենք մատակարարել ՆԱՏՕ-ին, որպեսզի ՆԱՏՕ-ն կարողանա նրանց հետ անել այն, ինչ ուզում է», – հավելել է Թրամփը։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ զրույցում էլ Թրամփը նշել է, որ Պուտինի հետ լավ հարաբերությունները, «ցավոք, ոչինչ չեն նշանակում» հակամարտության լուծման գործում։

Ժամեր առաջ էլ արտահայտվել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը կբախվի «շատ վատ» հետևանքների, եթե հրաժարվի «բարի կամքի բանակցություններից»։ Նա հավելել է, որ Սպիտակ տան ղեկավարն «անհավանականորեն անհամբեր» է դառնում Մոսկվայի հետ։

«Wall Street Journal»-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Դոնալդ Թրամփը փոխել է իր հռետորաբանությունը Մոսկվայի նկատմամբ, բայց ոչ քաղաքականությունը։ ԱՄՆ-ը շարունակում է թույլատրել ամերիկյան զենքի վաճառքն Ուկրաինային, բայց սահմանափակում է դրանց օգտագործումը Ռուսաստանի խորքը հարվածների համար։ Հրատարակությունը հաղորդում է, որ Կիևը պլանավորում է Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը և կարիք ունի ԱՄՆ հետախուզական օգնության, որի մասին Թրամփը տեղեկացված է։ Ռազմական փորձագետ և «Նոր օբորոննի զակազ» ամսագրի խմբագիր Դմիտրի Կորնևը մեկնաբանում է.

Կրեմլը համաձայն չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ենթադրության հետ, թե Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում՝ պնդելով, որ Մոսկվան կշարունակի այն, ինչն անվանում է «հատուկ ռազմական գործողություն», քանի որ «այլընտրանք չի տեսնում»: «Պարոն Թրամփը կատարվողի վերաբերյալ Զելենսկու տեսանկյունն է լսել: Եվ, ըստ երևույթին, այս պահին հենց այդ տարբերակն է հանգեցրել մեր լսած գնահատականին»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը RBC Radio-ին տված հարցազրույցում: Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ավելի շատ արջի է նման, քան վագրի, իսկ թղթե արջեր գոյություն չունեն։

Պեսկովն իր մեկ այլ անդրադարձում ասել է, թե Վաշինգտոնը պահպանում է Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման քաղաքական կամքը: «Մենք դեռ ելնում ենք նրանից, որ նախագահ Թրամփը պահպանում է քաղաքական կամքը, որպեսզի շարունակի ջանքեր գործադրել խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Վենսի հայտարարությունը, թե Թրամփն արդեն անհամբեր է դառնում Ռուսաստանի հետ:

Ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը գտնում է, որ ԱՄՆ նախագահի հայտարարություններում և շեշտադրումներում էական փոփոխություններ կան։ Սակայն, նրա դիտարկմամբ, դեռ հարց է՝ դրանք պարզապես հռետորաբանակա՞ն փոփոխություններ են, թե՞ քաղաքական։

Վերլուծաբանը գտնում է, որ ռուս-ամերիկյան բանակցություններն Ալյասկայում ամեն դեպքում չարդարացրին թե Ռուսաստանի, թե ԱՄՆ-ի սպասումները, ուստի դրանից հետո որոշակի սրացումների ականատեսն ենք դառնում։

Եվսեևի կարծիքով, ցուցիչ են նաև Կրեմլի արձագանքները, որոնք բավականին զուսպ են, չկան սպառնալիքներ և այլն։

«Գլխավորը, ինչին ուշադրություն կդարձնեի, այն է, որ Թրամփը հորդորում է Ուկրաինային Եվրոպայի օգնությամբ հաղթել, քանի որ Ուկրաինան զիջումների պատրաստ չէ։ Թրամփը, ստանձնելով նախագահությունը, խոստանալով խաղաղություն, ուներ կարգավորման և խաղաղություն հաստատելու իր որոշակի տեսլականը, որում Ուկրաինան և Ռուսաստանը որոշ քայլեր պետք է իրականացնեին, սակայն Ուկրաինան պատրաստ չէ և այդ հարցում ունի Եվրոպայի աջակցությունը։ Ուստի, ինչպես հասկանում եմ, Թրամփն այս մասով չի փոխել իր մոտեցումը, որ եթե նման ցանկություն կա, պետք է պատրաստ լինեն հրաժարվել ռուսական էներգակիրներից, պատասխանատվություն ստանձնել սեփական որոշումների համար։

ԱՄՆ-ը իրական քաղաքականության տեսանկյունից դեռ որևէ այլ՝ նոր մոտեցման մասին չի հայտարարել, կա փոփոխություն հռետորաբանական մակարդակում։ Չի բացառվում նաև, որ Թրամփը հակված չլինի շարունակել հետագա բանակցությունները, քանի որ արագ հանգուցալուծման բացակայությունը գուցե համարի իմիջային մեծ խնդիր»,- 168.am-ին ասաց վերլուծաբանը։

Եվսեևը նշեց, որ այս պնդումը հաստատում է նաև փոխնախագահ Վենսի արած հայտարարությունները։

Նա չի գտնում, որ Թրամփի վարչակազմը փոփոխական քաղաքականություն է վարում։

«Թրամփն իր տեսակով հաճախ է հայտարարություններն անում այնպես, որպեսզի դրանք հնարավորինս բարձր հնչեն, մեծ աղմուկ բարձրացնեն, դա նրա մոտ հաջողվում է, սակայն ընդհանուր առմամբ դեռ չեմ կարծում, թե ՌԴ-ի հետ բանակցելու ճանապարհից ԱՄՆ-ը հրաժարվել է։ Չեմ բացառում, որ գործընթացի բարդությունը որոշակի հիասթափություն է պատճառել, սակայն դա այնքան էլ քաղաքական կատեգորիա չէ, ուստի այն, ինչ տեղի է ունենում, սպասելի էր»,- նկատեց նա։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա Եվսեևը գտնում է, որ գլոբալ հարցերում փոփոխությունները ոչ միշտ են արձագանք գտնում փոքր տարածաշրջաններում։

Վերլուծաբանի կարծիքով, Թրամփը հայտնվեց Երևանի ու Բաքվի ճանապարհին և որոշակի պայմանավորվածությունների հասավ Վաշինգտոնում, սակայն դա կարծես շարունակեց ռեգիոնում այն տրամաբանությունը, որը կար մինչ այդ ու կշարունակվի նաև Թրամփի նախաձեռնությունից հետո։

«Տեղում, ակտիվ ազդեցություն ԱՄՆ-ի կողմից չեմ տեսնում, թեև ակնհայտ է նաև, որ քննարկվող գլխավոր երթուղու անվտանգությունն ապահովելու հարցում ԱՄՆ-ը կմասնակցի, պայմանավորվածությունների վերջնականացմանը կմասնակցի, սակայն ռեգիոնն առավելապես իր ներքին միտումներով է առաջ շարժվում, որտեղ բավականին էական են դառնում Թուրքիայի դիրքերը»,- ասաց Եվսեևը։

Տեսանյութեր

Լրահոս