Գազի գնի «առեղծվածը» (տեսանյութ)
«ՀայՌուսգազարդի» տնօրեն Վարդան Հարությունյանի՝ «Արմենիա» հեռուստաընկերության «ՌԷվոլյուցիա» հաղորդման ընթացքում արտահայտած մտքերին մասամբ անդրադարձել ենք։
Անդրադարձել ենք նաև այն հատվածին, երբ նրան հարց է ուղղվում Ռուսաստանից առաքվող գազի ներկայիս գնի վերաբերյալ։ Մասնավորապես, պատասխանելով Սաթիկ Սեյրանյանի հարցին, թե այս պահին Հայաստանն ի՞նչ գնով է գազ գնում Ռուսաստանից՝ Վ. Հարությունյանը պատասխանում է՝ 1000 խորանարդ մետրի համար վճարում ենք 180 դոլար։ Ճշտող հարցին ի պատասխան, թե ՊԵԿ-ի տվյալներով այդ գինը 240 դոլար է, և ինչպե՞ս կարելի է բացատրել այդ հակասությունը, Վարդան Հարությունյանն ասում է՝ այդ հակասության բացատրությունը կտրվի 2 շաբաթից, և կրկին շեշտում է՝ գազի համար վճարում ենք 180 դոլար։
Այստեղ կա մի շատ հետաքրքիր կետ. ուշադրություն դարձրեք՝ Վարդան Հարությունյանը ոչ թե ասում է՝ գազն ԱՐԺԵ 180 դոլար, այլ ասում է՝ ՎՃԱՐՈՒՄ ենք 180 դոլար։ Սրանք տարբեր հասկացություններ են։
Պատկերացրեք՝ մեկից ավտոմեքենա եք գնում 10 000 դոլարով։ Մեքենայի համար կանխիկ վճարել եք 7000 դոլար, որի դիմաց վաճառողը ձեզ տվել է համապատասխան ստացական։ Մնացածի մասով՝ պայմանավորվածություն ունեք վաճառողի հետ։ Ասենք՝ պայմանավորվել եք, որ գումարն ավելի ուշ եք տալու, կամ՝ գումարի փոխարեն տալու եք ձեր հին «ջորին»։ Կամ էլ՝ ծայրահեղ դեպքում, 3000 դոլարի դիմաց մի քանի ամիս «պադավատ» եք անելու վաճառողի ընտանիքին։
Խնդիրն այն է, որ ձեր ընտանիքը, ընտանիքի ֆինանսական հնարավորությունները հաշվի առնելով, դեմ է, որ դուք 7000 դոլարից ավելի արժողությամբ մեքենա գնեք։ Ու երբ «ընտանեկան խորհուրդը» երեկոյան թեյի սեղանի շուրջ ձեզ հարցնում է՝ վերջը ի՞նչ արժե մեքենան, դուք պատասխանում եք՝ «7000 եմ տվել»։ Անգամ ավելացնում եք, որ կարող եք ցույց տալ ստացականը։
Գրական հայերենում սա կարելի է կոչել միտումնավոր մոլորության մատնելու փորձ, իսկ խոսակցական հայերենում՝ «կռուտիտ»։ Որովհետև, անկախ նրանից, թե որքան եք վճարել այդ պահի դրությամբ, մնացածը նույնպես վճարվելու է՝ ձեր ընտանիքի հաշվին։
Ամեն դեպքում, երկար չի մնացել։ Սպասենք ևս 1-2 շաբաթ և կտեսնենք, թե վերջապես ո՞րն է 180 դոլարի «առեղծվածի» բացատրությունը։