Համոզված եմ՝օրվա իշխանությունների պասիվ կամ ակտիվ միջամտությամբ է, որ այդ անձինք հայտնվել են և մինչև օրս մնում են Ադրբեջանում․ իրավապաշտպան

Թրամփը խնդրե՞լ է Ալիևին ազատ արձակել 23 հայ գերիներին. Վաշինգտոնում Փաշինյան-Թրամփ առանձնազրույցից տարածված չափազանց կարճ տեսանյութից հետո այս հարցի առնչությամբ որևէ պարզաբանում դեռևս չի եղել։ Ամեն դեպքում, օգոստոսի 11-ին Երևանի և Բաքվի կողմից համաժամանակյա հանրայնացված «խաղաղության համաձայնագրի» տեքստում այս մասին որևէ խոսք չկա։

Այդ տեքստում մեկ առանձին հոդված կար միայն, որով կողմերը պետք է լուծումներ գտնեն անհետ կորածների խնդիրների շուրջ։

«Կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման և ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարադատության իրականացման կարևորությունը` որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց»,- ասվում է համաձայնագրում։

Ավելի ուշ համացանցում սկսեցին շրջանառվել հայ գերիների անվանացանկով տարբեր ցուցակներ, որոնք, սակայն, պարզվեց՝ Թրամփի շրջանակից ավետարանական հովիվ Ջոել Թենիի բաց նամակներից են վերցվել։

Կարդացեք նաև

168am-ն արձանագրելով, որ Վաշինգտոնում «ձեռքի հետ» խոսվեց գերիների վերադարձի մասին՝ ՀՀ առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվեց՝ այդ հարցը «ձեռքի հետ» լուծվող հա՞րց է, թե՞ պետք է դառնար դրույթ՝ համաձայնագրում։

«Եթե համաձայնագիր կոչվածի մեջ կա հոդված, որը խոսում է անհայտ կորածների և բռնի անհետացածների մասին, ապա, այո՛, և՛ գերիների մասին, և՛ պատանդների մասին, և՛ այլ անձանց մասին, ովքեր որ պահվում են Ադրբեջանում, պետք է լիներ հոդված,- նշեց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով,- Այս իշխանությունը՝ մասնավորապես հենց վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, բացարձակապես շահագրգռված չէ այդ անձանց վերաբերյալ ինչ-որ դրական առաջարկություններով հանդես գալ»։

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն, ամեն դեպքում, նշել է, որ բարձրագույն մակարդակով քննարկել է այդ հարցը, իրավապաշտպանն արձագանքեց՝ 7 տարի շարունակ նա իր պաշտոնական իր հայտարարություններով ստում է։

«Ես համոզված եմ, որ օրվա իշխանություններն արդեն իրենց գործն արել են, և հենց իրենց, այսպես ասած, լինի՝ պասիվ, լինի՝ ակտիվ միջամտությամբ է, որ այդ անձինք հայտնվել են և մինչև այսօր մնում են Ադրբեջանում։

Այնպես որ, այդ նույն իշխանություններից սպասել ինչ-որ դրական քայլեր, ես բացարձակապես այդպիսի ակնկալիքներ չունեմ»,- ամփոփեց Լարիսա Ալավերդյանը։

Նկատենք, թեև պաշտոնական Բաքուն հաստատում է ընդամենը 23 հայ գերիների մասին տեղեկությունը, այդուհանդերձ, հայկական կողմը մեկ անգամ չէ, որ նշել է՝ ավելի քան 80 հայ գերու վերաբերյալ ապացույցներ կան։

Տեսանյութեր

Լրահոս