Վեհարանն ազատե՛լ. դա տեղի է ունենալու, այլ տարբերակ չկա. Փաշինյան

«Որպես երկրի ղեկավար՝ ՀՀ Սահմանադրության ո՞ր հոդվածով եք առաջնորդվում՝  ՆՍՕՏՏ Տեր-Տեր Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու որոշ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ Ձեր գործողություններում»,- այսօրվա ասուլիսին լրագրողը հարցրեց Նիկոլ Փաշինյանին:

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ գործում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման և փրկության օրակարգի շուրջ. «Ես գործում եմ, առաջին հերթին, որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ: Հիմա, դա տվյալ դեպքում համընկել է այն փաստի հետ, որ ես ՀՀ վարչապետ եմ: Այդ երկուսն իրարից տարանջատելի չեն, բայց ես գործում եմ որպես Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, ում համար Հայաստանյայց Առաքելական եկեղեցին սրբություն է: Ես ուզում եմ այստեղ մեր ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր հանգամանքի վրա, որին պատշաճ ուշադրություն չի դարձվում, այդ հանգամանքն այն է, որ և՛ տրամաբանորեն, և՛ պատմականորեն Մայր Աթոռը պետք է մեր բարոյականության էպիկենտրոնը լինի և իր կոչումով այդպիսին է:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեր հոգևոր և բարոյական արժեքների էպիկենտրոնն է, և եթե մենք՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ և հոտ՝ իմանալով այդ ամենի մասին, եթե որևէ պահի կանգ առնենք և այս օրակարգը չտանենք մինչև վերջ, դա կարող է ընկալվել՝ որպես մեր հրաժարում բարոյականությունից և բարոյական արժեքներից:

Երբ որպես հանրություն՝ քո բարոյականության, քո հոգևոր արժեքների կենտրոնը ապաբարոյականացված է և սրբությունները պղծված են, եթե որևէ պահի հանկարծ երկմտես, կանգ առնես և հրաժարվես Վեհարանն ազատելու և Մայր Աթոռը իր արժեքներին վերադարձնելու օրակարգից, դա կարող է նշանակել, որ հանրությունը հրաժարվում է բարոյականությունից և իր բարոյական արժեքներից. մեր հանրության մեծամասնությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներ են: Դա պետք է տեղի ունենա, տարբերակ չկա, որ դա տեղի չունենա: Եվ դա տեղի է ունենալու: Էլի եմ ասում՝ ասում են՝ ինչպես. Ինչպես եղել է արդեն, ոչ մի նոր բան»:

Կարդացեք նաև

Մամուլը գրել էր, որ Փաշինյանը հրաժարվել է գերիների հարցով դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Լրագրողը Փաշինյանից հետաքրքրվեց՝ եղե՞լ է նման բան, թե՞ ոչ:

«Չկա որևէ բանակցություն, որևէ խոսակցություն, երբ այդ հարցին չի տրվում պատշաճ, անհրաժեշտ տեղ: Ես տեղյակ չեմ, թե դուք ինչ հրապարակման մասին եք խոսում, ելնելով այն սկզբունքից, որ իմ չկարդացածը, չլսածը չեմ մեկնաբանի, ես կոնկրետ դա չեմ մեկնաբանի: Բայց չկա այդպիսի խոսակցություն, որ այդ հարցին անդրադարձ չլինի»,- պատասխանեց Փաշինյանը:

Հարցին՝ Հայաստանը մտադիր է անդամակցել Շանհայի համագործակցության կազմակերպությանը, որի մեջ կան երկրներ, որոնք անդամակցում են ՀԱՊԿ-ին, իսկ Փաշինյանն ասել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը, ինչպե՞ս է պատկերացնում այդ համագործակցությունը, արդյո՞ք ինչ-որ հակասություններ չկան այդտեղ, Փաշինյանն այսպես պատասխանեց. «Դա տեղավորվում է մեր բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ, և մենք կշարունակենք աշխատել: Հույս ունեմ՝ գիտեք, որ նախորդող շրջանում Շանհայի համագործակցության կազմակերպությունում ունենք դիտորդի կարգավիճակ, այնպես չէ, որ մենք զրոյական վիճակից մեկ էլ հանկարծ որոշեցինք, որ կազմակերպության անդամ ենք դառնում»:

Ինչ վերաբերում է հարցի՝ ՀԱՊԿ-ին վերաբերող հատվածին, Փաշինյանն ասաց. «ՀԱՊԿ-ի վերաբերյալ ի՞նչ արձագանքեմ, արդեն ամեն ինչ արձագանքված է: ՀԱՊԿ-ը ուրիշ կազմակերպություն է, Շանհայի համագործակցության կազմակերպությունը՝ ուրիշ: ՀԱՊԿ-ի վերաբերյալ ինչ ունեինք ասելու՝ ասել ենք, նոր բան չունենք ասելու»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս