Ռեջեփ Էրդողանն այսօր մեկնում է ԱՄՆ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր մեկնարկում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ամերիկյան պաշտոնական, հագեցված այցը: Ակնկալվում է, որ Էրդողանն այսօր ԱՄՆ կհասնի՝ տեղական ժամանակով երեկոյան ժամերին:
Էրդողանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպելու է մայիսի 16-ին: Պլանավորված է, որ այդ հանդիպումը տևելու է 2 ժամ: Հանդիպումը տեղի է ունենալու տետ-ա-տետ ձևաչափով և պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպումից հետո կկազմակերպվի համատեղ մամուլի ասուլիս:
Էրդողանը հանդիպելու է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ և մասնակցելու է թուրք-ամերիկյան գործարար ֆորումի աշխատանքներին: Էրդողանի հետ հանդիպումներ կունենան ամերիկաբնակ թուրքական համայնքի ներկայացուցիչները:
Ամերիկյան այցի ընթացքում Էրդողանին ուղեկցում են նրա կին Էմինեն, փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, Եվրամիության հարցերով պետնախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
ԱՄՆ ղեկավարության հետ իր հանդիպումներում Էրդողանը քննարկելու է երկկողմանի հարաբերությունների հարցը, Մերձավոր Արևելքում և հատկապես Սիրիայում ու Իրաքում տիրող իրավիճակը, Իրանի հարցը, Ռեյհանլըի ահաբեկչությունը, Իսրայելի հետ հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարի հարցը, ինչպես նաև տնտեսական բնույթի հարցեր: