
«Հավաքից հետո ագրեսիան ավելացել է. 90 տոկոս կարծում եմ, որ ձերբակալության որոշում կլինի». Նարեկ Կարապետյան
«Քննիչները ժամանել են մեր բնակարան՝ խուզարկություն անցկացնելու: Մենք այս ամենին սպասում էինք, երևի ամենայն հավանականությամբ կձերբակալեն, բայց դեռ չգիտեմ՝ ինչի համար, բայց մի բանի համար կձերբակալեն»,-իր տան մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ հետը գիրք է վերցրել, որ ձերբակալվելու պարագայում կարդա:
Նա նշեց, որ այդպես էլ չի հասկացել՝ ինչ նոր գործ են գտել՝ իր հետ կապված. «Երևի, հավաքի հետ կապված, որ մասնակցել ենք, դրա հետ կապված ինչ-որ հարց է: Ամեն դեպքում, մենք սպասում էինք, մի բան պետք է լիներ, իրենք մի բան պետք է գտնեին, էլի: Մարդիկ աշխատել են, էդ են գտել: Իմ տնից գտել են երկու հատ գլխարկ, մի հատ նկարների կրիչ՝ երեխեքի, ու 4 հատ I Phone-ի գումար»:
Հարցին՝ խուզարկության հիմք դատարանից ներկայացվել է, նա պատասխանեց՝ այո:
168.am-ի հարցին՝ այսինքն՝ վախեցե՞լ են այն հավաքից, որն անցկացվել էր ի պաշտպանություն Սամվել Կարապատյանի, մտածել են, որ գուցե հետևանքներ ունենա, նա պատասխանեց. «Ամենայն հավանականությամբ, հա, ինչ-որ ագրեսիան ավելացել է հավաքից հետո: Մենք շատ շնորհակալ ենք հավաքի բոլոր մասնակիցներին, որովհետև այդպիսի մեծ հավաք շուտվանից չէր եղել Երևանում, ու մեզ համար անսպասելի էր, թե ինչքան մարդ էր եկել Սամվել Կարապետյանին աջակցելու՝ անարդարությունների դեմ»:
Նա մանրամասներ չգիտի՝ ինչ թեմայով է խուզարկությունը, ինքը ինչ կարգավիճակ ունի. «Ես 90 տոկոս կարծում եմ, որ ձերբակալության որոշում կլինի»:
ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՔԿ-ից։
«Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»,-հայտնում են ՔԿ-ից:
Հիշեցնենք, որ ՔԿ-ից հայտնել են նաև, որ ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում