
Իսկ ի՞նչ խորհուրդներ է տալիս Նիկոլին Քոչարյանի մտերիմը

Հայաստանյան ներընդդիմադիր հատվածում ընթացող «տարանջատում օպերացիան» գնալով թռիչքային աճ է գրանցում։ Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված որոշ շրջանակներ, միմյանց հերթ չտալով, շարունակում են ցնդաբանությունների ու մանիպուլյատիվ հոդվածաշարերի միջոցով ամեն կերպ թիրախավորել Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ իրենց կողմից հրապարակ նետած՝ «Սերժն է բերել Նիկոլին» մարազմատիկ թեզը հիմնավորելու նպատակով։ Այդ շրջանակները ոչ միայն չեն հանգստանում, այլև նորանոր կոնսպիրոլոգիաներ են երկնում, որոնք ոչ մի նյութական արժեք ու կոնտենտ ուղղակի չունեն։
Այսօր հերթական «շեդևրը» դաշտ նետվեց․ լուսանկար են հրապարակել, որում պատկերված է նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը, և մի ծավալուն նյութ պատրաստել՝ նշելով, թե «Սերժ Սարգսյանի մարդը Ստամբուլում է, և ինչո՞ւ է նա վստահել նաև Փաշինյանի համար»։
Մի կողմ թողնելով տարբեր մեկնաբանություններ ու հակադարձումները, տրամաբանական հարց է առաջանում, թե, օրինակ, ի՞նչ է անում, կամ ինչո՞վ է զբաղված կառավարությունում նույն Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանը, ով 2000-2006 թվականներին եղել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը։
Թերևս հանրությանը շատ կհետաքրքի, թե մարդը, ով 6 տարի եղել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը, այդ ո՞ր մի գերկարևոր արժանիքի համար է տեղ գտել նիկոլական ապարատում՝ դառնալով նրա խորհրդականը։
Հ․Գ․ Ասենք նաև, որ նման օրինակները բավական շատ են, սա նրանցից ընդամենը մեկն է, և դրանց մասին կարելի է խոսել անսպառ։
Հ.Գ. 1. Այդ նույն շրջանակները ավելի լավ է այլ հարցերի պատասխանեն՝ ինչպես է ստացվում, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ խիստ փոխկապակցված անձը Փաշինյանի կառավարության հայտարարած ասֆալտի տենդերների 65%-ն է հաղթում: Դեռ այլ օրինակներին չենք անդրադառնում:
Եվ, վերջում, միգուցե թարգե՞ք էժանագին մանիպուլյացիաները և ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ պայքարեք, այլ Նիկոլ Փաշինյանի:
ԱՇՈՏ ԱՍԼԱՆՅԱՆ
ՀՀ քաղաքացի