Յուրի Վարդանյանը դարձավ Վարդանյան Յուրի. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ծանրամարտի լեգենդար չեմպիոն Յուրի Վարդանյանը նշանակվեց սպորտի նախարար: Լուրն ինձ, կարծում եմ նաև շատ-շատերին, ուրախացնելու փոխարեն խորը տխրություն ու հիասթափություն պատճառեց: Եթե Յուրի Վարդանյանը լիներ ոչ համակարգային դեմք, քաղաքականությունից դուրս, կարծում եմ՝ կողջունեինք նրա նշանակումը:
Առաջին հարցը, որ առկայծում է մարդու ուղեղում, սա է՝ Յուրին էլ մերը չէ, Յուրին էլ ժողովրդինը չէ: Դա գծագրվեց այն ժամանակ, երբ Մարտի 1-ից հետո համաձայնեց աշխատել նախագահի խորհրդական:
Հիշում եմ, այդ ժամանակ զոհերից մեկի մայրն ասաց՝ Յուրին էլ ծախվեց: Չէ՞ որ մինչ այդ Յուրի Վարդանյանը եղել էր բոլոր նախագահներին ընդդիմադիր: Ու, հավանաբար, հոգնել գիտի նաև ծանրամարտի չեմպիոնը, հոգնել էր ընդդիմադիրի ծանր բեռից ու ինքն էլ ուզում էր վայելել աշխարհիկ բարեկեցությունը, որը հատուկ է միայն իշխանությանը:
Յուրի Վարդանյանը միակը չէր, ով երես թեքեց ժողովրդից ու իշխանական փառքի ետևից գնաց: Դա ամենահեշտ ճանապարհն էր, որն ընտրեց մեր մտավորականների ու քաղաքական գործիչների գերակշիռ մասը: Ընտրեց ու ատելի դարձավ հասարակ, համակարգային ծանրությունն իր ուսերին կրող մարդու համար: Ու նրանք, անկախ իրենց մեծության չափից, դարձան մանր ու մանրադիտակային բջիջներ:
Յուրի Վարդանյանը դարձավ Վարդանյան Յուրի, Շուշան Պետրոսյանը՝ Պետրոսյան Շուշան, Արտաշես Գեղամյանը՝ Գեղամյան Արտաշես…. Այսպես կարելի է հազարավորներին թվարկել, որոնց անունները շարքային հայաստանցու համար դարձան լոկ ուրիշներից տարբերելու անվանումներ:
Դա հեշտ, միաժամանակ ոչնչացման ճանապարհ էր, որովհետև նման մարդիկ ոչ միայն ավերեցին սեփական կանաչ ճանապարհը, այլև այն կածանը, որով ժողովուրդը պետք է ուղղորդվեր: Եվ հենց նրանց օգտագործումն է եղել պատճառը, որ 20 տարի պտտվում ենք քաղաքական գորշության կարուսելում:
Չեմ ուզում թվարկել այն բազմաթիվ չինովնիկական ծառայությունները, որն աշխատելու ընթացքում կատարել է ծանրամարտի չեմպիոնը, բայց մի բան եմ խնդրում. ոչ մի իշխանական աղբյուր այլևս թող չբարձրաձայնի կամ չշահարկի Յուրի Վարդանյանի կամ նրա կարգավիճակում գտնվող մի այլ մարդու (մտավորականի չեմ ասում) չեմպիոն, կիսաչեմպիոն, երգիչ, գրող լինելը. նա Բաղրամյան 26-ի սովորական չինովնիկ է»:
Հասմիկ Բաբաջանյան