ՀՀԿ-ի տատիկն ու ՀՀՇ-ի Գևորիկը լեգիտիմացրին նոր կառավարությունը

Նախօրեին երեկոյան լրագրողական պարտականությունները կատարելու նպատակով գնացել էինք կուսակցություններից մեկի նիստը լուսաբանելու, այս անգամ բաժին էր ընկել իշխող Հանրապետական կուսակցությունը, որի Գործադիր մարմնի նիստը, ինչպես արդեն հայտնի է, որոշեց ՀՀ նոր, ավելի ճիշտ՝ հին ու նոր կառավարության կազմը՝ աննշան փոփոխություններով: Իհարկե, բոլորի համար սպասելի էր, որ գործող իշխանությունն առանձնակի ցանկություն չունի իրական փոփոխություններ կատարելու թե՛ անձերի, թե՛ վարած քաղաքականության առումով, չնայած որ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանը, երդմնակալության ժամանակ իր ելույթում, փաստելով Հայաստանում առկա հսկայական բողոքավոր զանգվածի մասին, վստահեցրեց, որ «հասարակության ուղերձը տեղ է հասել»:

Թե ինչպե՞ս է այն տեղ հասել և ինչպե՞ս դա պետք է արտացոլվի, առայժմ հայտնի չէ: Հենց այս հարցն էր ինձ առավել շատ հուզում ՀՀԿ կենտրոնական գրասենյակի առջև, քանի որ հանրապետական պատգամավորների, մարզպետների և նախարարների ստանդարտ պատասխանները, որոնք կարծես ասեին` «մենք վարդագույն ակնոցներ ենք հագել, դուք էլ հագեք, այսպես ավելի հաճելի է…», ցանկություն չկար:

Խնդիրը ոչ միայն զուտ քաղաքական կամ քաղաքագիտական է, այլ առաջին հերթին՝ հասարակական, այսինքն՝ մարդկային: Կառավարության գործունեությունից կախված է քաղաքացու կյանքը, բարեկեցությունը և ոչ միայն երկրում «մնալը», այլև «հեղափոխություն» անելու անհրաժեշտությունից վերանալը:

Եվ ահա, մի քանի, ի դեպ, տարբեր քաղաքական հայացքներ ունեցող լրագրողներով քննարկում էինք նման հարցեր, մասնավորապես, թե ինչո՞ւ են ընդհանրապես լրագրողները գալիս այսպիսի հավաքների, ինչո՛ւ են լուսաբանում ակնհայտ կեղծ, լոզունգային հայտարարությունները` այդպիսով նրանց լեգիտիմացնելով, երբ թեժ քննարկմանը միջամտեց իշխանության հանդեպ իր բուռն և անմնացորդ սիրով հայտնի «հանրապետական» տատիկը: Վերջինիս ասածներն իմ ընկերներից մեկը փորձեց անտեսել` խնդրելով չխանգարել: Սակայն տատիկն անդրդվելի էր և ամեն ջանք գործադրեց իր ելույթը բոլորին լսելի դարձնելու համար:

Կարդացեք նաև

Ակնհայտ դարձավ, որ իշխանամետ տատիկը հատկապես մեծ ատելություն ուներ իշխանությանը որևէ ձևով քննադատողների, հատկապես՝ ընդդիմադիր ուժերին ներկայացնող հայտնի գործիչների նկատմամբ, և, իհարկե, այս առումով, գլխավոր թիրախն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, ում տատիկը մեղադրեց Խանջյանի տունը զավթելու մեջ` զարմանալով, թե ինչո՞ւ են այն տվել նրան, հասավ նույնիսկ Մարտի 1-ի դեպքերին` դրանց մեղավոր համարելով Նիկոլ Փաշինյանին, ով, ըստ նրա, այդ օրը «վայրագություններ է արել այդ օրը քաղաքապետարանի դիմաց»: Պարզվեց նաև, որ, ըստ ՀՀԿ-ի տատիկի՝ «մենք շատ լավ նախարարներ ու նախագահ ունենք», սակայն այդպես էլ չիմացանք քաղաքացիների սոցիալ-տնտեսական ծանր վիճակի և ահագնացող արտագաղթի պատճառների մասին, իսկ լավ իշխանություններ ունենալը տատիկը փաստեց մի անգամ շտապօգնության և Ոստիկանության կողմից նրան ցուցաբերված օգնությամբ:

«Չար» լրագրողներին էլ, ովքեր օրնիբուն անտեղի քննադատում են անբասիր իշխանություններին, նա հայտարարեց, որ խնդրելու է Սերժ Սարգսյանին՝ «լիցենզավորել բոլոր լրագրողներին և օպերատորներին»: Բնականաբար, լուրջ չէր լինի բանավիճելը, սակայն կարծես թե գործ ունենք մարդկային տեսակի հետ, և նման երևույթներն ավելին, քան որևէ այլ բան, օգնում են պատկերացում կազմել հասարակության, դրա մի ստվար զանգվածի զարգացման մակարդակի և տվյալ իշխանության սոցիալական հենարանի մասին: Իհարկե, այդ հարցում մեզ բավական օգնեց Երևանի ավագանու ընտրություններում, կարելի է ասել, հաղթած թաղի խուժանը, բայց դա բոլորովին այլ կատեգորիա է:

Կա ևս մի վառ օրինակ, որը տպավորվել էր իմ մտքում. նախագահական ընտրություններից հետո սկսված հետընտրական բուռն զարգացումների, հանրահավաքների ընթացքում. հարևան մի տարեց կին դիմել էր հանրահավաքի մասնակիցներից մեկին` հորդորելով նրան՝ «քշել Րաֆֆիին», քանի որ համոզված էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կամ Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպող որևէ գործիչ է Հայաստանի խնդիրների մեղավորը և երկիրը տանում կործանման… Իսկ քանի՞ այսպիսի քաղաքացիներ կան Հայաստանում, ովքեր չունենալով որևէ քաղաքական գրագիտություն և գիտակցություն, պարզապես տուրք են տալիս իրենց մարդկային բնազդներին և մասնակցում են քաղաքական գործընթացներին` «մեռնելով» իշխանական կամ ընդդիմադիր որևէ ղեկավարի «արևին»:

Բազմիցս առիթ ենք ունեցել նշելու, որ սառը դատողությունից զուրկ, զուտ զգացմունքային մոտեցումը չի կարող որևէ օգուտ բերել որևէ գործընթացի: Դե, իսկ քծնանքը, շողոքորթումը մարդկային ստորագույն դրսևորումներից են, և, իմ կարծիքով, նույն ՀՀԿ-ի տատիկը կգովերգեր ցանկացած այլ իշխանության և այլ գործչի, եթե նա դառնար նախագահ, օրինակ, նույն Լևոն Տեր-Պետրոսյանին:

Իհարկե, ինչպես արդեն նշվեց, այստեղ գործ ունենք նաև մարդկային տեսակի հետ, այդպիսի տեսակը, լինելով հետադիմական և երկրի հաջողությունը կապելով ռազմական որևէ հաջողության հետ և այդ հաջողությունը կապելով այն սեփականաշնորհած և սրբագրած որևէ ղեկավարի հետ, մշտապես հակադրվում է լիբերալ, առաջադիմական գաղափարներ դավանող ցանկացած քաղաքական գործչի: Սա Տեր-Պետրոսյանին կամ ազատականությանը փառաբանելու փորձ չէ, և ամենևին չենք պնդում, թե առաջին նախագահը բոլոր հարցերում ճիշտ է վարվել (սա քննարկման բոլորովին այլ առարկա է), կամ, ասենք, ազատականությունը գերադասելի է, քան ազգային-պահպանողականությունը, պարզապես փորձում ենք քննարկել երևույթները:

Այսօր Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձն է, և մինչ օրս գնում են բանավեճեր, թե ո՞վ է կերտել հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներից մեկը` գեներալ Կոմանդո՞սը, Գուրգեն Դարիբալթայա՞նը, թե՞ մեկ ուրիշը: Իսկ արդյոք ճի՞շտ է նման հարցադրում կատարելն ընդհանրապես: Արդյոք ճի՞շտ է հարցադրել` Սերժ Սարգսյա՞նն ավելի մեծ ներդրում ունի Ղարաբաղյան պատերազմում, թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանը: Իհարկե, իշխանությունից որևէ սպասելիք ունեցող տեսակը պնդում է առաջին տարբերակի վրա… Թերևս, մենք ապրում ենք քծնանքի երկրում, քծնանքի Հայաստանում, ինչպես 1930-ականներին էր, երբ իր շարքերն էր մաքրում պարտիան, այն ժամանակ` բոլշևիկյան: Իսկ որքա՜ն այսպիսի քծնողներ կան իշխանության մեջ, պետական համակարգում, հիշո՞ւմ եք «չեբուրաշկային»…:

Հավանաբար, հենց նման տեսակի, նման խավի վրա հենվելն է թույլ տալիս իշխանության ներկայացուցիչներին պնդելու, որ ընտրակեղծիքներ չեն եղել, կամ, եթե եղել են, ապա չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, որ իշխանությունը ևս մեկ անգամ ստացավ հասարակության վստահության քվեն, և այդպիսով չկա նաև անհրաժեշտություն որևէ էական փոփոխություն կատարելու, թեկուզ, կառավարության կազմում:

Հ.Գ. Ի դեպ, այդ օրը ՀՀԿ-ի գրասենյակի առջև էր նաև հայտնի ՀՀՇ-ի Գևորիկը` ՀՀԿ-ի զինանշանը կրծքին… եկել էր հարուստ իշխանավորներից «մի բան պոկելու»:

Լուսանկարը՝ Գագիկ Աղբալյանի

Տեսանյութեր

Լրահոս