Բաժիններ՝

Ավետիք Իշխանյան. «Ես ավելի շատ հավատում եմ պաշտպանին»

Օրերս փաստաբան Թամարա Յայլոյանը հայտարարել էր, որ Գյումրիի ոստիկանության աշխատակիցները վիրավորել և սպառնալիքներ են հնչեցրել՝ իր մասնագիտական գործունեությունը կատարելու ընթացքում: Թամարա Յայլոյանը ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցների գործի քննության ժամանակ ներկայացել է որպես վկա Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Կոլյա Ղուկասյանի փաստաբան:

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հ/կ-ի նախագահ Ավետիք Իշխանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով կատարվածին, ասաց, թե օրերս իրենց կազմակերպությունն «Ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը ոստիկանության բաժիններում» զեկույց է հրապարակել, համաձայն որի՝ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածներին պահելու վայրերում մարդկանց  նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական ճնշումներ են գործադրում, և նշված դեպքն էլ, ըստ Ավետիք Իշխանյանի, հենց այս երևույթների համատեքստում է.
«Սա այն դեպքն է, երբ պաշտպանը համաձայնել է, որ պաշտպանությունը ստանձնի, նրա վրա բռնություններ են կիրառվել, և թույլ չեն տվել: Մենք մեր զեկույցում այդպիսի դեպքեր չենք տեսել: Մենք զեկույցում մեղադրում ենք, որ մարդկանց չեն իրազեկել՝ պաշտպան ունենալու հետ կապված, և առանց պաշտպանի կատարվել են խոշտանգումներ, և այլն: Բայց, փաստորեն, այդ դեպքը ցույց է տալիս, որ նույնիսկ, եթե մարդը պաշտպան ուզի, կարող է պատահի՝ նրան զրկեն պաշտպան ունենալուց:  Ուղղակի ասելիք չունեմ այս կապակցությամբ»:

Անդրադառնալով Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանի այն հայտարարությանը, թե քաղաքում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը փորձում են վերածել PR-ի, Ավետիք Իշխանյանը նշեց, որ ինքն ավելի շատ հավատում է պաշտպանին. «Ես ավելի շատ հավատում եմ պաշտպանին, որովհետև չեմ կարծում, թե որևէ մեկն իր PR-ի համար կուզենար ասել, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել: Չեմ կարծում, որ այդպիսի մարդ կլիներ: Կա՞ արդյոք այնտեղ չափազանցություն, թե՞ ոչ, ես չգիտեմ: Դա դնենք մի կողմ: Իրականությունն այն է, որ թույլ չեն տվել՝ պաշտպանը մասնակցի, իր նկատմամբ եղել է վատ վերաբերմունք և բռնություն: Սա փաստ է: Թե ինչ աստիճանի՝ դա պետք է պարզվի հենց նույն քննչական մարմնում»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս