
«Մոսկվան մեծ բան չի կորցնի, եթե Փաշինյանը չմասնակցի հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին, որովհետև ներսից այդ ամենն ատում է». Գագիկ Հարությունյան

Մոսկվայում մայիսի 9-ին տեղի կունենա հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի պաշտոնական կայքը՝ Նիկոլ Փաշինյանը ևս կմասնակցի այդ միջոցառմանը. նա մարտին Պուտինի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ընդունել է Մոսկվա գնալու և միջոցառմանը մասնակցելու հրավերը։
Մինչև այս պահը Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես չի հայտնել, որ մեկնելու է Մոսկվա։ Երեկ խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ևս հստակ չասաց՝ Նիկոլ Փաշինյանը գնալո՞ւ է Մոսկվա, թե՞ ոչ, շեշտելով, որ ճիշտ չի լինի՝ ինքը մեկնաբանի, քանի որ վերջին պահին հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը որոշի չգնալ։
Այս ամենին զուգահեռ՝ քննադատություններ են հնչում որոշ փորձագետների կողմից, որ Հայաստանը որևէ կերպ չպետք է մասնակցի Մոսկվայում սպասվող միջոցառմանը, սա բացատրում են նրանով, որ «Ռուսաստանը լավ դաշնակից չէ Հայաստանի համար»։
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանի բնորոշմամբ, հայերի մասնակցությունն ու ավանդը Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի գործում անուրանալի է, սա նաև հայերի հաղթանակն է։
«Ինքս Հայրենական պատերազմում կռված հայկական գնդի հրամատարի տեղակալ գնդապետ Աշոտ Հարությունյանի տղան եմ։ Ինձ մոտ ակնածանք է այդ պատերազմին մասնակցած մարդկանց նկատմամբ, նրանք այլ մակարդակի անձինք էին, ինչպես նաև հայրս։ Նա Խորհրդային տարիներին Անդրանիկի ու մյուս հայրենանվեր մարդկանց վերաբերյալ սկսեց մենագրություն գրել։
Հիմա, երբ նսեմացնում են հայերի մասնակցությունն այդ պատերազմին, այդ մարդիկ հայ չեն։ Նրանք չեն գիտակցում, թե Հայրենական պատերազմի տարիներին մենք ինչից ենք ազատագրվել։ Այդ ժամանակ մեր սահմանին 26 թուրքական դիվիզիա էր կուտակված։ Խորհրդային Միության ռազմական ղեկավարությունը Ստալինգրադյան ճակատամարտի պայմաններում մեր սահմանին զորք են ուղարկել՝ փրկելով թուրքական հարձակումներից»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գագիկ Հարությունյանը։
Ըստ նրա, Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը տոն է նաև հայերի համար, այդ պատերազմին մասնակցել են հայ լեգենդար մարշալներ, գեներալներ։
«Չեմ կարծում, որ Մոսկվան մեծ բան կկորցնի, եթե Նիկոլ Փաշինյանը չմասնակցի Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին, որովհետև Փաշինյանը ներսից այդ ամենն ատում է։
Մենք ինչո՞ւ ենք մոռանում, որ Խորհրդային Հայաստանն էր, որ գիտական ու կրթական բարձր աստիճանի հասավ, առաջին տեղերում էինք։ Զարգանում էր ինդուստրիան, էլեկտրոնիկայի զարգացման մասին էլ չեմ խոսում։ Ինքս պատիվ եմ ունեցել աշխատելու Անդրանիկ Իոսիֆյանի հետ, ով ակադեմիայի փոխնախագահն էր ու հետևում էր այս զարգացումներին։ Այնպես որ, բոլոր նրանք, որոնք հակակրանք ունեն այդ հաղթանակի նկատմամբ՝ գուցե թշնամի երկրի քաղաքականությունն են առաջ տանում։
Ժամանակին մեր հրապարակով քայլում էր լեգենդար «Թամանյան» դիվիզիան, որը բեռլինյան օպերացիային փայլուն մասնակցություն է ունեցել»,- ընդգծեց Գագիկ Հարությունյանը։