Էստոնական ամոթ

Նիկոլ Փաշինյանի Էստոնիա կատարած այցը ցույց տվեց Հայաստանի իշխանության ու նրա վարած արտաքին քաղաքականության ողջ թշվառությունը, ինչի պատճառով պետությունը հերթական անգամ ծաղրի առարկա դարձավ։

Մինչ Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջում արտահայտում էր սեփական հիացմունքը Տալինի փողոցների մաքրությունից, էստոնացի պաշտոնյաներն ու լրագրողներն ուղիղ եթերում ցուցադրեցին իրենց հեգնական հմայվածությունը Հայաստանի ղեկավարով՝ վերջինիս՝ Էստոնիայի շահերին համապատասխանող քաղաքականության առթիվ։ Խղճուկ տեսարան էր, երբ Էստոնիայի վարչապետն ասուլիսի ընթացքում գովեստի խոսքեր էր հղում Փաշինյանին «ռուսական ազդեցությունից դուրս գալու քայլերի համար», իսկ էստոնացի լրագրողները ոչ միայն Հայաստանի դե ֆակտո ղեկավարին, այլ ողջ հայ հասարակությանը հեգնում էին ՝ զարմանք հայտնելով, որ Արցախի կորստից հետո նա դեռևս պահպանում է իշխանությունը։

Բացի այդ, Փաշինյանը ժպտադեմ հեզությամբ արժանացավ նաև էստոնացի լրագրողի հանդիմանանքին, որ դեպի Եվրամիություն գնացող Հայաստանի ղեկավարը ցանկանում է մայիսի 9-ին գնալ Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական պատերազմում կրած հաղթանակի միջոցառմանը։

Տվյալ դեպքում խնդիրը Հայաստանի իշխանության վարած հակառուսական քաղաքականությունը չէ կամ դրա վտանգավորությունը Հայաստանի համար։ Եթե Հայաստանի շահերը պահանջում են, ապա ցանկացած իշխանություն կարող է վարել նաև հակառուսական քաղաքականություն։ Խնդիրը, սակայն, այն է, որ էստոնացիները գովաբանում էին Հայաստանի հակառուսականությունը, որովհետև դա համապատասխանում է իրենց ազգային շահերին։ Նրանք՝ խախտելով անգամ ձևական արարողակարգի պատշաճությունը, Հայաստանի ղեկավարի ներկայությունն օգտագործում էին իրենց շահերն առաջ մղելու նպատակով։ Փաշինյանը ոչ միայն գոնե դիվանագիտական պատշաճությամբ չէր փորձում կանխել իրեն ու իր միջոցով Հայաստանին օգտագործելու ցածր փորձերը, այլ ակնհայտ հաճույք էր ստանում դրանից։

Կարդացեք նաև

Այս օրինակը հերթական, բայց շատ ցցուն կերպով բացահայտում է Փաշինյանի երկակի ստանդարտներն ու անսկզբունքայնությունը, նրա վարած քաղաքականության կոնյունկտուրայնությունը։

Ամեն առիթով Հայաստանի ինքնիշխանության ու անկախության մասին խոսող Փաշինյանը երկրի արտաքին քաղաքականությունը հաճույքով ծառայեցնում է այլ պետությունների շահերին՝ չփորձելով կանխել գոնե դրա հրապարակայնացման միջոցով Հայաստանին խայտառակելու այլոց քայլերը։ Սա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, ով Հայոց ցեղասպանության ուրացման իր կեղտոտ քարոզչությունը հիմնավորում է նրանով, թե ցեղասպանության հարցն այլ երկրներ օգտագործել են իրենց շահերը սպասարկելու համար՝ Հայաստանին զրկելով ինքնիշխանությունից ու դարձնելով մանրադրամ։ Ահա այդ նույն Փաշինյանն առանձնակի հրճվանքով ուղիղ եթերում խաղում է մանրադրամի դերը, որովհետև այդ դեպքում իրեն ու իր միջոցով Հայաստանին օգտագործողներից ունի այսրոպեական շահ։

Արդեն յոթ տարի  բոլորին հայտնի «իսպանական ամոթ» ախտանիշն ամեն օր զգացող հայ հասարակությունն անցած շաբաթ ապրեց նաև էստոնական ամոթ, որի պատճառած նստվածքի քաղաքական կեղտը բազմապատիկ ավելի է ընդգծվում Տալինի փողոցների մաքրությունից ապրված ինֆանտիլ հիացմունքի ֆոնին։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս