Բաժիններ՝

Հնդկաստանը փակել է Պակիստանի հետ սահմանային անցակետը Քաշմիրում տեղի ունեցած հարձակման պատճառով

Հնդկաստանը կանչել է Նյու Դելիում Պակիստանի բարձրաստիճան դիվանագետին, հայտնել Իսլամաբադում իր ռազմական կցորդներին հետ կանչելու և իր դիվանագիտական անձնակազմի թիվը կրճատելու մասին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Վիքրամ Միսրիին։

Հնդկաստանի այս որոշումը կապված է Քաշմիրում զինյալների հարձակման հետ, որի հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել։ Հնդկաստանի որոշ ԶԼՄ-ներ, սակայն, հայտնել են 28 զոհի մասին։

Այս հարձակումը դարձել է վերջին երկու տասնամյակի ընթացքում քաղաքացիական անձանց վրա իրականացված ամենախոշոր հարձակումը։ Վիքրամ Միսրին հայտնել է, որ հարձակման ընթացքում տեղի է ունեցել սահմանի հատում։

Ըստ արտգործնախարարի՝ Նյու Դելին ժամանակավորապես կկասեցնի 60 տարի առաջ ստորագրված գետի համատեղ օգտագործման մասին պայմանագրի գործողությունը, ինչպես նաև կփակի Պակիստանի հետ միակ ցամաքային անցակետը։Բացի իր ռազմական կցորդներին Պակիստանից հետ կանչելուց, Հնդկաստանն Իսլամաբադում իր դեսպանատան աշխատակիցները 55-ից կկրճատի 30-ի, նշել է Միսրին։

Հնդկաստանը նաև Նյու Դելիում Պակիստանի դեսպանատան գլխավոր դիվանագետին կանչել է և նրան տեղեկացրել, որ առաքելության բոլոր ռազմական խորհրդականները հայտարարվում են «պերսոնա նոն գրատա», և նրանց մեկ շաբաթ է տրվում հեռանալու համար։ 

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ապրիլի 24-ին հանդիպում է հրավիրել ընդդիմադիր կուսակցությունների հետ, որպեսզի նրանց տեղեկացնի հարձակմանը կառավարության արձագանքի մասին։

Ըստ Պակիստանի արտգործնախարար Իշաք Դարի՝ երկրի վարչապետ Շեհբազ Շարիֆը նույնպես հանդիպում էր նշանակել Ազգային անվտանգության կոմիտեի հետ՝ քննարկելու երկրի պատասխանը հարձակմանը։

Հարձակումը տեղի է ունեցել Հնդկաստանի հյուսիսի Ջամու և Քաշմիրի նահանգում ապրիլի 22-ին. Պահալգամ քաղաքում զինյալների  խումբը կրակ է բացել զբոսաշրջիկների վրա։ Reuters-ը նշում է, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները բավական լարված էին նույնիսկ Նյու Դելիի ձեռնարկած վերջին միջոցառումներից առաջ։

Պակիստանն արտաքսել էր Հնդկաստանի բանագնացին, ինչպես նաև Նյու Դելիում դեսպան չէր նշանակել այն բանից հետո, երբ 2019 թվականին Հնդկաստանը Քաշմիրը զրկել էր կիսաինքնավար կարգավիճակից։

Հնդկաստանը և Պակիստանը յուրաքանչյուրը վերահսկում են Քաշմիրի մի հատված։ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող հատվածում զինյալները դեռ 1989 թվականից պայքարում են Նյու Դելիի կառավարության դեմ։

Մուսուլման քաշմիրցիների մեծ մասը, ըստ The Associated Press գործակալության, սատարում են ապստամբների նպատակին՝ միավորելու Քաշմիրը կա՛մ որպես անկախ երկիր, կա՛մ Պակիստանի տիրապետության տակ։  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս