Բաժիններ՝

«Թալան է. ՔՊ-ն երդում ունի, որ պիտի ժողովրդին դարձնի «տուգանքի մատերիալ», ինչքան պետք է ժողովրդին չսիրես, որ այդպես «քերթես»». Մեսրոպ Մանուկյան

Դեռևս 2023 թվականի դեկտեմբերի վերջին Երևանի ավագանին ընդունեց «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» օրինագիծը, ըստ որի՝ Երևանի Կենտրոնում  ավտոկայանատեղիների համար տարեկան վճարը սահմանվեց 160.000 դրամ։

Այս որոշումը գործում է 2024 թվականի հունվարի 1-ից։ Այսպիսով՝ մայրաքաղաքի կենտրոնում «Ա» գոտում ավտոկայանատեղիում կայանելու համար քաղաքացիները 1 ժամվա համար վճարում են 300 դրամ, 1 օրվա համար՝ 2000 դրամ, 1 շաբաթվա համար՝ 5000 դրամ, 1 ամսվա համար՝ 18.000 դրամ, 1 տարվա համար՝ 160.000 դրամ, իսկ «Բ» գոտում ներառված փողոցներում կայանելու համար քաղաքացիները 1 ժամվա համար վճարում են 200 դրամ, 1 օրվա համար՝ 1000 դրամ, 1 շաբաթվա համար՝ 2000 դրամ, 1 ամսվա համար՝ 4000 դրամ, 1 տարվա համար՝ 24.000 դրամ։

Չնայած Վարչական դատարանն անվավեր է ճանաչվել Երևանի ավագանու այս որոշումը, սակայն վարորդները շարունակում են այդ վճարներն անել։

Քաղաքային իշխանություններն իրենց այս քայլը բացատրում էին Երևանի կենտրոնը բեռնաթափելու մտադրությամբ։ Շուրջ մեկ տարի է՝ որոշումը գործում է, սակայն Երևանի կենտրոնը որևէ կերպ չի բեռնաթափվել։

Կարդացեք նաև

Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Մեսրոպ Մանուկյանը քաղաքապետարանի այս որոշումը համարում է թալան՝ նշելով, որ ՔՊ-ն ցանկանում է մինչև վերջ ապացուցել, որ ժողովուրդը «տուգանքի մատերիալ է»։

«Առաջին ատյանի դատարանը փաստել է քաղաքային իշխանության ապօրինությունների մասին, սակայն քաղաքային իշխանությունն իր պնդաճակատությունը շարունակում է՝ դիմել է Վերաքննիչ դատարան։ Ի՞նչ տականքության են դիմել իրենք, բողոքարկել են՝ քաջ գիտակցելով, որ Վերաքննիչում գործընթացները երկար են տևում, այս տարին էլ կանցնի, ու վերջնական ուժի մեջ մտած որոշում չենք ունենա, ու կստացվի, որ այս պրոցեսը կձգձգվի։ Այսինքն՝ իշխանությունների խնդիրը հաջորդականությամբ այսպես ձգձգելն է ու քաղաքացիներին թալանելը, որը կտևի մի քանի տարի։ Շատ ուղիղ ասում եմ՝ սա թալան է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մեսրոպ Մանուկյանը։

Մեր զրուցակիցը խոսեց նաև մայրաքաղաքում ներդրված միասնական տոմսային համակարգի՝ հանրային տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու և դրա շուրջ խնդիրների մասին, շեշտելով՝ այն, որ 150 դրամների շուրջ եղած բոյկոտը կայացել է, փաստում է քաղաքային իշխանությունը գործակարգավարական նիստերի ժամանակ։

«Իրենք ուղեվարձը բարձրացրել էին, որ ավելի շատ գումար հավաքագրվի, բայց այս պահին ավելի քիչ է հավաքագրվում, քան նախկինում էր։ Քանի որ ՔՊ-ն ունի երդում, որ պիտի ժողովրդին դարձնի «տուգանքի մատերիալ», ԱԺ են տարել օրինագիծ, որն ասում է՝ հանրային տրանսպորտ նստող ու չվճարող քաղաքացին պետք է՝ 10.000 դրամով, իսկ ուրիշի քարտից օգտվողը՝ 15000 դրամով տուգանվի։ Պատկերացնո՞ւմ եք, ինչքան պետք է քո ժողովրդին չսիրես, որ այդպես «քերթես»»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա նաև հիշեցրեց, որ ավագանու իրենց խմբակցությունը 150 դրամների հետ կապված օրինագիծ էր ներկայացրել, որով առաջարկել էր կասեցնել այդ որոշումը՝ 4 ամիս ձգձգելուց հետո, քաղաքային իշխանությունն ամենավերջում, երբ չեն ունեցել այլընտրանք՝ բերել են ավագանու նիստին։

«Այս ժամանակ ՔՊ-ականները քիչ էին դահլիճում, նախագիծը դրական եզրակացության արժանացավ։ Վաղն ավագանու նիստում այդ հարցը քննարկվելու է»,- ընդգծեց Մեսրոպ Մանուկյանը։

Տեսանյութեր

Լրահոս