Վարդան Օսկանյան. Երևանի քաղաքապետը Երևան քաղաքի վարչապետն է
Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Վարդան Օսկանյանն իր ելույթում ամփոփեց քաղաքական այն ուղերձը, որը ԲՀԿ-ն այս մեկ ամսվա ընտրարշավի ընթացքում ներկայացրել է Հայաստանի ժողովրդին, իսկ դրանք, ըստ նրա՝ երեքն են:
Առաջինը ուղերձը, Վարդան Օսկանյանի խոսքով, այն է, որ ավագանու ընտրություններն ունեն քաղաքական նշանակություն. «Եթե ԲՀԿ-ն մայիսի հինգին առանձին կամ մյուս ոչ իշխանական ուժերի հետ վերցնում է Երևանի իշխանությունը, հավատացեք, որ մեր քաղաքական համակարգում տեղի է ունենալու անհրաժեշտ արմատական փոփոխություններ՝ ստեղծելով հակակշիռներ, մրցակցություն իշխող կուսակցության նկատմամբ, փոխադարձ հսկողություն, որի պայմաններում հնարավոր կլինի առավել արդյունավետ լուծել խնդիրները:
Մենք պետք է արդեն հասունացած պետություն լինեինք, բայց մեր զարգացման, ժողովրդավարության ամրագրման, այդ գործընթացների խորացման, ժողովրդի բարեկեցության գլխավոր խոչընդոտը ոչ թե տնտեսական մենաշնորհն է, կոռուպցիան է, անարդարությունները: Այս բոլորը գոյություն ունեն, բայց սրանց մայր խոչընդոտը քաղաքական մենաշնորհն է, որը վերացնելու պայմաններում հնարավորություն կունենանք լուծում տալ այս չարիքներին»:
Քաղաքական երկրորդ ուղերձը, ըստ նախկին արտգործնախարարի, այն է, որ Երևանի ավագանու ընտրություններն ունեն տնտեսական նշանակություն, որովհետև քաղաքային իշխանությունը, նրա համոզմամբ, կարող է ծանրակշիռ ներդրում ունենալ Հայաստանի տնտեսական խնդիրների լուծման հարցում:
«Երևանի քաղաքապետը Երևան քաղաքի վարչապետն է: Դուք ոչ թե աղբահանող, ասֆալտ փռող եք ընտրում, այլ Երևանի վարչապետ, որը կարող է ուրույն քաղաքականություն վարել, հակակշիռ լինել կառավարության վարած ձախող քաղաքականությանը»,- նշեց նա՝ խոստանալով, որ ԲՀԿ-ի հաղթանակի դեպքում իրենք կօգտագործեն բոլոր հնարավորությունները՝ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման համար:
Իսկ երրորդ ուղերձը, Վարդան Օսկանյանի խոսքով, այն է, որ այս ընտրությունները նաև քաղաքային են, որովհետև, վերջիվերջո, մարդիկ ընտրելու են քաղաքի առաջնորդին.
«Իսկ մենք վստահեցնում ենք, որ կառավարող չենք լինելու, համարվելու ենք այն մարդիկ, որ ժամանակավորապես ուղարկվել են քաղաքապետարան, որպեսզի ծառայեն ձեզ: Մենք փոխելու ենք կառավարման փիլիսոփայությունը: Մենք լինելու ենք ձեր գործընկերները, ծառայողները, միասին լուծումներ որոնենք, ու իրականացնենք»,- ավելացրեց նա:
Վ. Օսկանյանի համոզմաբ, մարդիկ արդեն գիտակցում են, որ սա համապետական արժեքի ընտրություն, հնարավորություն երկրում փոփոխություններ անելու համար:
«Մենք ոչ միայն այլընտրանք չունենք փոփոխություններ անելու, սպասելու մյուս ընտրություններին, այլև ժամանակ չունենք լճացման այս պայմաններում»,- եզրափակեց նա: